Մատչելի հղումներ

«Իմ պատմությունը հայ ազգի պատմության նման է», - հայտնի ամերիկահայ գործարար, Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Կարո Արմենի խոսքով, կյանքում իր մոտ ամեն ինչ սկսվել է դժվարություններով, սակայն արդյունքում՝ միշտ հաջողությամբ ավարտվել:

Երիտասարդ տարիներին Կարո Արմենը քիմիա է սովորում, այնուհետեւ՝ ֆինանսներ: Կյանքի ծանրագույն փորձություն էր մոր կորուստը, ով մահացել էր քաղցկեղից 47 տարեկանում.

«Դա ինձ համոզմունք տվեց, որ այդ շատ վատ հիվանդության դեմ պետք է պայքարել»:

Որոշումն ընդունված էր եւ 1993-ին Կարո Արմենը ստեղծում է քաղցկեղի բուժման ուղղությամբ հետազոտություններ կատարող բիոտեխնոլոգիական ընկերություն, որի կիրառված քաղցկեղի անհատական բուժման մեթոդի կարեւորությունն աշխարհում սկսել են գիտակցել ընդամենը վերջին տարիներին:

«Քաղցկեղը շատ դժվար հիվանդություն է՝ յուրաքանչյուր հիվանդի դեպքում հիվանդությունը տարբեր է»:

Այն, ինչ Կարո Արմենը գիտակցեց քառորդ դար առաջ՝ իմունոլոգիայի դերի կարեւորությունը քաղցկեղի բուժման գործում, համաշխարհային մակարդակով ճանաչվեց 6 տարի առաջ: Դրա շնորհիվ քաղցկեղի բուժումն այսօր որակապես նոր մակարդակի վրա է.

«Հիմա մենք բարդ քաղցկեղներն արդեն լիարժեք բուժում ենք. Օրինակ, 4-րդ կարգի մելոնոման։ Հիմա դեղեր կան, որ հիվանդների կեսը լիարժեք բուժվում է: Դա հրաշք է»:

Հրաշքներ գործելը Կարո Արմենի համար սովորական է դարձել, ասում են նրա մասին շատերը: Տարիներ առաջ նրան հրավիրել էին ղեկավարելու սնանկացման եզրին գտնվող իռլանդական դեղագործական խոշորագույն մի ընկերություն, ինչը նրան հաջողվեց փրկել եւ ոտքի կանգնեցնել: Այդ ժամանակ ամերիկյան մամուլը Կարո Արմենին որակեց աշխարհի լավագույն կառավարիչներից մեկը: Սակայն, նրա իրական հետաքրքրությունը եղել եւ մնում է Հայաստանը.

«Հայաստան այցելելիս, նկատեցի, որ մեր գյուղերում ժողովուրդը, երիտասարդները շատ տաղանդավոր են»:

Գործարարը որոշում է Հայաստանի գյուղական շրջաններում բնակվող քաղաքացիների համար նոր հնարավորություններ բացել:

«Հայաստանի ապագան միայն քաղաքի հաջողությամբ չի կարող իրականանալ: Պետք է մեր գավառների երիտասարդ սերունդը մասնակցի, եւ մեր գործերն արդեն այդ ուղղությամբ է, որ երիտասարդներն առիթ ունենալ իրենց երազանքներն իրականացնելու»:

Անհրաժեշտ է ցույց տալ երիտասարդներին, որ ցանկության դեպքում հնարավոր է իրականացնել ամեն ինչ, համոզված է Կարո Արմենը.

«Պետք է իրենք մտածեն, որ այն, որ չէին էլ երեւակայում, իրականացվել է: Եվ կհամոզվեն, որ ամեն ինչ, ամենաբարձր նպատակները, կարող են իրականանալ: Հայ ազգն անցած 100 տարիների ընթացքում շատ դժվարություններ ուներ, այժմ, երբ առիթ ունենք, պետք է մեր ժողովրդին ուժ տանք»:

Սկսելով կրթությունից, բարերարը շուտով համոզվում է, որ այն փոխկապակցված է բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական հարցերի հետ: Իր գործունեության մեջ Կարո Արմենն առաջնորդվում է պարզ սկզբունքով, ոչ թե թելադրել, այլ՝ լսել, թե ինչ է անհրաժեշտ գյուղացուն եւ այդ կարիքներն ապահովել:

«Շատ կարեւոր է, որ մեր հայ ազգին ուժ տանք, որ նրանք հրաշալի գաղափարները մեջտեղ բերեն, որովհետեւ նրանք կարողությունն ունեն դա անելու: Հրաշալի գաղափարներ ունեն, եթե իրենց պայմանը տանք, այդ գաղափարները կիրականանան»:

Կարո Արմենի նախաձեռնությամբ Հայաստանի 900 գյուղերում հիմնադրվում են SMART կենտրոններ, որտեղ քաղաքացիները կարող են գտնել իրենց խնդիրների լուծումներ, կրթություն ստանալ եւ կապվել առաջադեմ աշխարհին:

«Պետք է մենք մեր բարությունը փոխանցել, որպեսզի յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր երեխայի տաղանդները բացահայտվեն: Այդ տաղանդներն իրենց բարձրագույն արդյունքը կարող են տալ, որովհետեւ մեր հայության պատմությունը այդպիսին է՝ Գրիգոր Նարեկացին նույնպես գյուղից էր»:

SMART-ի միջոցով Կարո Արմենը երիտասարդներին փորձում է խոշոր երազել սովորեցնել: Չէ՞ որ հայերը «պետք է գլոբալ երեւակայեն», համոզված է նա:

Facebook Forum

XS
SM
MD
LG