Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահի պաշտոնում վերընտրվեց ընտրությունների առաջին փուլի արդյունքում, ինչը մի քանի օր առաջ անհավանական էր թվում: Սա նրան տալիս է երկիրն ավելի մեծ լիազորություններով կառավարելու իրավունք ու հնարավորություն:
Թուրքիայի նախագահի աջակիցները երկրով մեկ տոնում են արտահերթ ընտրություններում նրա հաղթանակը: Ձայների 53 տոկոսը հավաքած 64-ամյա Էրդողանը հայտարարում է, թե ինքն իր պայքարն այժմ տանելու է ավելի վստահ:
Ընդդիմությունը սկզբում բողոքում էր, որ արդյունքները հայտարարվել են դեռեւս ոչ բոլոր քվեատուփերը բացելուց հետո: Սակայն Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն, որը ստացել է ձայների 31 տոկոսը, ավելի ընդունել է Էրդողանի հաղթանակը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ ընտրությունները չեն անցել ազատ:
Էրդողանն այսպիսով շարունակում է կատարել նախագահի պարտականությունները, անցյալ տարվա հանրաքվեի արդյունքում ստացած ավելի մեծ իրավունքներով ու լիազորություններով:
Էրդողանը հայտարարում է, թե ինքն ավելի մեծ եռանդով է կատարելու իր առջեւ դրված օրակարգը, շարունակելու է ‘’Թուրքիայի ահաբեկիչ թշնամիների’’ դեմ պայքարը: Հիշեցնենք, որ 2016-ի հեղաշրջման ձախողված փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում` 100 լրագրողներ են կալանավորվել:
Նա խոստանում է շարունակել իր խոսքերով ասած, ‘’Սիրիան ազատագրելու’’ ռազմական գործողությունները: Իսկ թուրքական ուժերը Սիրիայում իրենց գործողությունները կենտրոնացրել են ընդդեմ քրդական ուժերի:
Էրդողանի դիրքերն ավելի են ամրապնդվում նույն օրն անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում նաեւ: Նրա Արդարություն եւ զարգացում կուսակցությունը Ազգայնական շարժում կուսակցության հետ դաշինքով կշարունակի ղեկավարել խորհրդարանը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որին Էրդողանն անվանում է ահաբեկչական կազմակերպություն, խորհրդարանում երկրորդ ամենամեծ թվով աթոռներ ստացած կուսակցությունն է:
Սակայն այդ փաստը ոչինչ չի կարող անել ընդդեմ Էրդողանի, որը նորից նստում է նախագահական աթոռին, սակայն` ավելի մեծ լիազորություններով եւ իշխանության լծակներով: