Չինաստանն ու Եվրամիությունը մոտ են վերջնական համաձայնության երկկողմանի ներդրումային համաձայնագրի շուրջ, հայտարարել է Չինաստանի փոխվարչապետ Լիու Հենը: Երկու կողմերը դեմ են հանդես եկել պրոտեկցիոնիզմի քաղաքականությանը և կողմ արտահայտվել գլոբալ բազմակողմանի առևտրային համակարգի զարգացմանը:
«Երկու կողմերը հաստատեցին ամբողջապես դրական առաջընթացն՝ արձանագրված Չինաստան-Եվրամիություն ներդրումային համաձայնագրի բանակցություններում», - նշել է Չինաստանի փոխվարչապետ Լիու Հեն:
Չինաստանը հույս ունի, որ Եվրամիությունը հստակ քայլեր կձեռնարկի դեպի Չինաստան եվրոպական արտահանման սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ: Դրա մասին է նշել Չինաստանի փոխվարչապետը Եվրամիության ներկայացուցչի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:
«Երկու կողմերը համաձայնվել են ուժեղացնել ֆինանսական համագործակցությունը, ուշադրություն դարձնել և կարգավորել շուկա մուտք ունենալու խնդիրները և երկու կողմերի ընկերությունների համար ստեղծել համապատասխան բիզնես միջավայր»,- նշել է փոխվարչապետը:
Եվրամիության ներկայացուցիչն էլ իր հերթին կոչ է արել Չինաստանին ուշադրություն դարձնել պողպատագործության ոլորտի խնդիրներին:
«Ես ևս կոչ եմ արել փոխվարչապետին ինձ հետ միասին աջակցել գլոբալ պողպատագործության համաժողովի աշխատանքներին: Կարևոր է, որ միասին աշխատենք ալյումինի և պողպատի ոլորտների ողջ ներուժը բացահայտելու համար»,- ընդգծել է Եվրամիության հանձնաժողովի փոխնախագահ Ջիրկի Քաթեյնենը:
Եվրամիության ներկայացուցիչը ժամանել էր Պեկին՝ ԵՄ-Չինաստան բարձրաստիճան տնտեսական և առևտրային երկխոսությանը մասնակցելու համար:
Facebook Forum