Մատչելի հղումներ

Էրդողանի կուսակցությունը՝ մեծամասնությունը կորցնելու վտանգի առջեւ


Էրդողանի կուսակցությունը՝ մեծամասնությունը կորցնելու վտանգի առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ ընտրություններից առաջ մարդիկ այստեղ փայփայում են փոփոխության հույսեր, միեւնույն ժամանակ՝ ունենալով մտավախություն, որ այն կարող է երկիրը վերածել քաոսի։

Օրինակ 26-ամյա Փելին Փարլաքը, որը ներկայացնում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Իզմիր քաղաքում, ուզում է Թուրքիան տեսնել որպես աշխարհիկ մի երկիր, որտեղ բոլոր կանայք կարող են ապրել ու աշխատել ազատ, առանց խոչընդոտների։

44-ամյա կառապան Էսրեֆ Բույուքսոյը, որը ներկայացնում է ձի բուծող ընտանիքի չորրորդ սերունդը, ասում է, թե չի կարծում, որ Իզմիրում խնդիրներ կլինեն։ Հավատացած է, որ իրենց կյանքը չի փոխվելու ու իրենք շարունակելու են ապրել նույն կերպ։

Իզմիրից 12ՕՕ կմ հեռավորության վրա է գտնվում Դիարբեքիրը, որտեղ Սուլեյման Դեմիրն ամեն օր գնում է աղբանոց, այստեղից վերամշակվող նյութեր հավաքելու ու դրանք վաճառելու համար։ Դիարբեքիրը, որը Թուրքիայի հարավարեւելյան, հիմնականում քրդաբնակ հատվածի ամենախոշոր քաղաքն է, ժամանակին լիովին աջակցում էր Ռեջեփ Էրդողանին։ Այսօր պատկերը հակառակն է։

Դեմիրը հիշեցնում է, թե ինչպես էր Էրդողանը ժամանակին եկել այստեղ ու հայտարարե, թե ՝՝չկա քրդական խնդիր՛՛։ Սակայն այսօր, ասում է նա, Թուրքիան աստիճանաբար իջնում է դեպի ճահիճը։ Այդ պատճառով է, որ նա այսօր որոշել է քվեարկել հօգուտ ձախամետ դաշինքի, որոնք միասնաբար են ներկայացնում խորհրդարանի իրենց թեկնածուներին։

Քրդական աշխատավորական կուսակցության հետ երկուսուկես տարի տեւած խաղաղության գործընթացը 2Օ15 թվականին փլուզվելուց հետո Թուրքիայի հարավ-արեւելքը մտավ անհնազանդության ու հակամարտության մի այնպիսի փուլ, ինչպիսին չէր գրանցվել 1984 թվականին քրդական ապստամբությունը սկսվելուց ի վեր։ Սակայն Էրդողանը հայտարարում է, թե իր կառավարության կողմից իրականացված ամուր բռունցքի քաղաքականության արդյունքում այս հատվածն ամենախաղաղն է եղել անցած 4Օ տարիների ընթացքում։ Դիարբեքիրում նա հայտարարել է, թե իր՝ ՝՝Արդարություն եւ զարգացում՛՛ կուսակցությունը լուծել է քրդական խնդիրը՝ ակնարկելով մշակութային իրավունքների, կրթության ու լեզվի ասպարեզում անցկացված բարեփոխումները։

Քուրդ քառասունամյա հովիվ Մեհմեթ Չեթին Թարիին սակայն մտահոգում է տնտեսական ծանր պայմանները։ Ամեն ինչ թանկացել է, ասում է նա եւ ավելացնում, կյանքը շարունակ ավելի դժվար է դառնում։

Մայրաքաղաք Անկարայում դոներ քեբաբի ռեստորանի շեֆ խոհարար Էրհան Ուչփինարը սակայն ասում է, թե քվեարկելու է Էրդողանի օգտին։ Նրա խոսքերով, Էրդողանը լուծել է հիվանդանոցների ու ճանապարհների հետ կապված խնդիրները։

Այս ընտրության արդյունքում Էրդողանը ցանկանում է երկարաձգել իր արդեն 15 տարի տեւած կառավարումը եւ ստանալ իշխանության հավելյալ լծակներ, ինչը նրա խոսքերով, անհրաժեշտ է տնտեսական եւ անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար։

Նախնական հարցումները ցույց են տալիս, որ նախագահական ընտրությունները կարող են ունենալ երկրորդ փուլ, որը կանցկացվի հուլիսի 8-ին։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, կառավարող կուսակցությունը 16 տարիների ընթացքում առաջին անգամ կկորցնի մեծամասնությունն օրենսդիր մարմնում։

XS
SM
MD
LG