Մատչելի հղումներ

Արևելյան Ուկրաինայում մշտապես խախտվում է զինադադարը


Չնայած Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ արևելյան Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կողմերը շարունակում են խախտել զինադադարը: Հինգշաբթի օրն այս հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները

Չնայած Ռուսաստանում ընթացող ֆուտբոլային մեծ տոնակատարությանը՝ արևելյան Ուկրաինայում շարունակվում է պահպանվել լարվածությունը: Դոնեցկ քաղաքն ապրում է ռազմականացված գոտու կանոններով: Երեկոյան ժամերին բնակչության տեղաշարժը սահմանափակված է:

Քաղաքից դուրս շարունակվում են պաշտպանական գծի ամրապնդման աշխատանքները:

«Ինչպես ասում են, եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»,- ասում է Անդրեյ անունով տեղացի զինյալներից մեկը:

Արևելյան Ուկրաինայում ռազմական հակամարտությունն այդպես էլ վերջնականապես չի դադարել: Այստեղ մշտապես գրանցվում են զինադադարի խախտման դեպքեր, որոնք արձանագրվում են ԵԱՀԿ-ի դիտորդների կողմից:

«Անցած շաբաթ մենք գրանցեցինք զինադադարի խախտման ընդհանուր հաշվով 7400 միջադեպ: Դա 20 տոկոսով ավելի է՝ նախորդ շաբաթվա համեմատ: Եվ դա ներառում է նաև ծանր զինատեսակների կիրառում»,- ասում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը:

Դիտորդներն արձանագրում են, որ երկու կողմերն էլ խախտում են զինադադարը՝ հավելելով, սակայն, որ խախտման միջադեպերի մեծ մասն իրականացնում են ռուսաստանամետ զինյալները:

Դիտորդները տեղեկացրնում են, որ հունիսի 15-ին ռուսաստանամետ ուժերը կրակ են բացել դիտորդական առաքելության կողմից օգտագործվող անօդաչու սարքի ուղղությամբ, որը զննում էր իրականացնում 2014 թվականին այստեղ մալայզիական ինքնաթիռի խոցման գոտում:

Հիշեցնենք, որ 2015 թվականին կնքված մինսկյան համաձայնագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց: Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների վերջին հանդիպումը տապալվեց և կողմերը չեկան համաձայնության ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում:

«Մի շարք հարցերի շուրջ շատ հեռու ենք համաձայնությունից: Դրանք են՝ ինչպիսի մանդատ պետք է ունենան խաղաղապահները, ինչպես պետք է դրանք ձևավորվեն և ինչ սահմաններում պետք է գործի նրանց լիազորությունը»,- ասում է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Այսպիսով, ուկրաինական հակամարտությունը մնում է չկարգավորված, եւ պատերազմն աստիճանաբար մոտենում է։

Facebook Forum

XS
SM
MD
LG