Մատչելի հղումներ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաները պետական բյուջեից գրեթե 1.5 մլրդ դրամ են փոշիացրել


Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով ՀՀ պետական բյուջեից ավելի քան 1.4 մլրդ դրամ է փոշիացվել:

Դատախազության հաղորդմամբ, Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Հայաստանի գլխավոր դատախազությունը մասնավորապես հայտարարել է.

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրով մատակարար ՍՊ ընկերությանը պետական բյուջեից տրամադրել է տարեկան ընդամենը 0.001 տոկոսադրույքով առանց գրավի 3,991,584,000 ՀՀ դրամի բյուջետային վարկ՝ ազոտական պարարտանյութ ձեռք բերելու համար:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում 2015թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, առանց շուկայական նվազագույն շահավետ գնի հաշվարկման, նույն մատակարար ՍՊԸ-ին հատկացրել է 2,138,823,000 ՀՀ դրամ սուբսիդիա՝ 33,263 տոննա ազոտական պարարտանյութ ձեռքբերելու և հողօգտագործողներին 50 կիլոգրամանոց 1 պարկը 9.215 ՀՀ դրամի փոխարեն 6,000 ՀՀ դրամով մատակարարելու համար:

Մինչդեռ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն՝ նույն 2015 թվականին այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից նույն որակի ազոտական պարարտանյութը ներկրվել է նշված մատակարար ՍՊ ընկերությունից էապես ցածր գներով։

Պարզվել է նաև, որ 2012-2016թթ. ծրագրերն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները, այսինքն չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման իրենց ծառայողական պարտականությունները: Արդյունքում միայն 2015թ. ազոտական պարարտանյութի մասով պետական բյուջեից անհիմն 1,427,000,000 ՀՀ դրամ ավել փոխհատուցում է տրվել մատակարար ՍՊԸ-ին՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Ընդ որում՝ այդ ՍՊԸ-ի պետական բյուջեի նկատմամբ չկատարած վարկային պարտավորությունը մինչ օրս կազմում է 396,682,378 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»:

XS
SM
MD
LG