Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում սպասվում է թեժ պայքար


Թուրքիայում մոտ օրերս կկայանան խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Ռեջեփ Էրդողանի համար այս ընտրությունները կարող են ամենադժվարը լինել վերջին 16 տարիների ընթացքում:  Նրա հիմնական հակառակորդն է «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն:

Թուրքիայում մոտենում են խորհրդարանական ընտրությունները: Իշխող կուսակցության և նախագահ Էրդողանի համար գլխավոր քաղաքական հակառակորդն է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն՝ ի դեմս Մուհարեմ Ինջենի:

Վերջինս ակտիվ քարոզարշավ է իրականացնում երկրում ներառյալ այն բնակավայրերում, ուր նախագահ Էրդողանն ունի մեծ աջակցություն: Դրանցից է ավանդաբար պահպանողական ու կրոնամետ Ստամբուլի Ուսքուդարի շրջանը:

Ինջենի այցելությունը Ուսքուդար խորհրդանշական է, քանի որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն, ի տարբերություն Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության, հանդես է գալիս աշխարհիկ դիրքերից:

«Նա Էրդողանին ձեռնոց է նետում վերջինիս տանը: Ակնհայտ է, որ Թուրքիան կարիք ունի Մուհարեմ Ինջենի նման գործչի: Ոչ ոք նրան չի կանգնեցնի: Նա կդառնա Թուրքիայի նախագահ»,- ասում է Ինջենի կողմնակիցներից մեկը:

Թուրքիայի կրոնամետ ընտրական զանգվածը մշտապես կասկածանքով է վերաբերվել Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որը հիմնվել է Մուսթաֆա Քեմալի կողմից աշխարհիկ սկզբունքների հիման վրա: Այն մշտապես հակազդել է երկրում կրոնամոլության տարածմանը՝ կրթական հաստատություններում արգելելով գլխաշորերի կրումը: Այս արգելումը վերացվել է նախագահ Էրդողանի օրոք:

Սակայն այս քարոզարշավին Ինջեն հանդես է գալիս միավորման կոչերով:

«Մենք կմիավոերենք 81 միլիոն Թուրքիայի քաղաքացիներին: Չի լինի այսուհետ բաժանում աջերի, ձախերի, գլխաշոր կրող և առանց դրա կանանց միջև: Չի լինի բաժանում քրդերի ու թուրքերի, սուննիների կամ ալեւիների միջև: Կլինի 81 միլիոնանոց ազգ»,- հայտարարում է Ինջեն:

Այս մոտեցումները որոշակի ազդեցություն են գործում թուրք ընտրողների վրա, ներառյալ կրոնամետ ընտրազանգվածի:

Իր քարոզարշավի ընթացքում նա խուսափում է ագրեսիվ հռետորաբանությունից, ի տարբերություն իրենից առաջ Էրդողանի այլ մրցակիցների:

Չնայած դրան՝ Էրդողանը շարունակում է աջակցություն վայելել երկրում, հատկապես Ուսքուդարի շրջանում՝ ելնելով իր կրոնամետ հայացքներից: Նա պնդում է, որ իր պարտության պարագայում երկրում կսահմանափակվեն ազատ դավանանքի հետ կապված իրավունքները:

Էրդողանի կառավարման ամենամեծ նվաճումներից է պահպանողական միջին խավի ձևավորումը: Ինջեն հույս ունի իր կողմը քաշել նաև ընտրական այդ զանգվածին:

Facebook Forum

XS
SM
MD
LG