Մատչելի հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Ռուսաստանում


Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Ռուսաստանի իշխանությունները օգտագործում են Մունդիալ-ը՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները քողարկելու համար:

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը օգտագործվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները քողարկելու համար: Human Rights Watch-ը կոչ է անում երկրպագուներին ուշադրություն դարձնել Ռուսաստանում այս խնդրի հետ կապված ճգնաժամին:

Վերջինիս կարծիքով ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից Ռուսաստանը վերապրում է ամենամեծ ճգնաժամը: HRW-ը հիշեցնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվում են ճնշումների ու անգամ՝ ձերբակալվում այլակարծության համար:

Դրա վառ օրինակներից է ուկրաինացի կինոգործիչ Օլեգ Սենցովը, ով քննադատել էր Ղրիմի բռնակցումը և դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության մեղադրանքով:

Մեկ այլ օրինակ է Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետությունում «Մեմորիալ» իրավապաշտպան խմբի ղեկավար Օյուբ Տիթեևի նկատմամբ հարուցված քրեական գործը թմրամիջոցների տարածման մեղադրանքով, որն, ըստ նրա կողմնակիցների, շինծու է:

2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերի նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ազատ էին արձակվել մի շարք քաղաքական բանտարկյալներ: Իրավապաշտպանները պնդում են, որ ՖԻՖԱ-ն հավաստիացրել է, որ հետամուտ է լինում այս խնդրին, սակայն որոշ կարծիքների համաձայն հյուրընկալող երկրի ընտրության հարցում անհրաժեշտ է հաշվի առնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

ՖԻՖԱ-ն պնդում է, որ այս հարցը կառույցի օրակարգում է:

«Հստակ առաջընթաց է գրանցվել մարդու իրավունքների պաշտպանության և մեր կառույցի կողմից ֆուտբոլի և նման միջոցառումների միջոցով այս խնդրին անդրադառնալու հարցում»,- պնդում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Սակայն առայսօր լուրջ մտահոգություններ կան, որ Մունդիալի ավարտից հետո, երբ երկրպագուները վերադառնան իրենց երկրներ, Ռուսաստանում կարող են ուժեղանալ բռնաճնշումները մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG