Մատչելի հղումներ

Հայաստանին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում


Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պատմությանը նվիրված գիտաժողով:

Գիտաժողովն անցնելու է Վարդանանց օրեր ամենամյա դասախոսությունների շրջանակում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է միջոցառման կազմակերպիչ, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանը: Նրա խոսքով, գիտաժողովի նպատակն է ընդլայնել Հայաստանի մասին պատկերացումները.

«Շատերի համար Հայաստանի մասին տեղեկությունը սահմանափակվում է 3-4 փաստով՝ քրիստոնյա երկիր, ցեղասպանություն վերապրած ժողովուրդ»:

Ժամանակն է ընդլայնել սահմանները եւ լայն հանրությանը ներկայացնել Հայաստանի բազմերանգ հարստությունը, համոզված է Լեւոն Ավդոյանը: Կոնգրեսի գրադարանում ամբողջ աշխարհից ժամանած հայագետներ եւ պատմաբաններ ներկայացնելու են հայ մշակույթի, պատմության, տնտեսության եւ նույնիսկ սպորտի զարգացման պատմությունը Կիլիկիո թագավորությունից մինչեւ մեր օրերը.

«Սա հայկական մշակույթի եւ պատմության խճանկարն է լինելու»:

Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ ԱՄՆ-ից, Բրիտանիայից, Կանադայից, Չեխիայից:

«Կարեւոր է նաեւ, որ մասնակիցների թվում են փայլուն մասնագետներ Հայաստանից»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը պատմելու է Հայաստանում սամիզդատի զարգացման մասին, իսկ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը կներկայացնի համահայկական թվային գրադարանի ստեղծման աշխատանքը:

«Այս փառատոնի դրական հետեւանքները լինելու են տեւական»:

Գիտաժողովի հաջորդ օրը Վաշինգտոնի Ազգային պուրակում սկսվելու է Սմիթսոնյան հաստատության մեծ փառատոնը, որն այս անգամ նվիրված է Հայաստանին եւ Կատալոնիային: Երկու շաբաթ անընդմեջ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում տասնյակ տաղավարներում եւ բեմահարթակներում ներկայացվելու է հայկական մշակույթն ու ավանդույթները, մատուցվելու են հայկական ուտեստներ եւ հնչելու է հայկական երաժշտություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG