Մատչելի հղումներ

Ռազմատեխնիկական ոլորտ, էներգետիկա, ենթակառուցվածքներ. Արսեն Խառատյանն ամփոփում է Փաշինյանի ՌԴ այցը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն՝ ամփոփելով Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստան:

«Խոսվեց մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ԵԱՏՄ շրջանակում մեր համագործակցության, ինչպես նաև էներգետիկ ոլորտում մեր անելիքների մասին: Հուսով եմ առաջիկայում լավ նորություններ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արսեն Խառատյանը:

Խոսելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման մասին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ գուցե այն նաև ճանաչողական բնույթ ուներ, բայց այդ հանդիպումը բավական արդյունավետ էր, որի ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքի վերականգնման խնդիրները, անդրադարձ եղավ օրակարգային որոշ հարցերի, որոնք քննարկվել են նաև Պուտինի հետ:

«Կարծում եմ, որ այս ուղղությամբ էլ արագ գործընթացներ կլինեն: Խոսք եղավ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր անելիքների մասին: Տրանսպորտային ենթակառուցվածքների մասին ևս քննարկում եղավ և այն կշարունակվի: Հուսով եմ, որ այստեղ ևս առաջիկայում լավ նորություններ կունենանք: Մենք գիտենք, որ Ռուսաստանը դեռ 2011 թվականից Վրաստանի հետ կնքած պայմանագիր ունի (Շվեյցարիայի միջնորդությամբ` Վրաստանի և ՌԴ կառավարությունները 2011թ. նոյեմբերի 9-ին ստորագրեցին «Մաքսային վարչարարության և առևտրաշրջանառության մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին երկկողմանի համաձայնագիր»- խմբ.), որտեղ շվեյցարական ընկերությունն ունի հնարավոր այլընտրանքային ճանապարհների շուրջ անելիքներ, գիտենք նաև, որ Ռուսաստանը հաստատել է իր մասնակցությունը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը նշեց, որ առևտրաշրջանառության գծով Ռուսաստանը Հայաստանի առաջին գործընկերն է: Նա ընդգծեց, որ այսօր խոսվում է գոյություն ունեցող տնտեսական ձևաչափերում երկրների ներգրավվածության ու անելիքների արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների մասին: Խոսք է գնում նաև Եվրասիական տնտեսական ոլորտում հայաստանյան այն ընկերությունների ցանկը ընդլայնելու մասին, որոնք կարող են այնտեղ ներգրավվածություն ունենալ:

«Բնականաբար խոսքը վերաբերում է նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, որի արդյունավետության խնդիր ունենք: Ամառ է, հիմա սեզոնն է, մրգի արտահանման ժամանակն է և ճանապարհների անխափան աշխատանքը մեզ համար գերկարևոր է: Որտեղ հնարավոր է արագ լուծումներ գտնել, որ հեշտացվի մեր տնտեսավարողների կյանքը, փորձելու ենք անել հնարավորը»,-ասաց նա:

Արսեն Խառատյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետը ֆուտբոլի խաղից հետո ծանոթացել է Ադրբեջանի նախագահին, ձեռքսեղմում է եղել, սակայն որևէ բովանդակային խոսակցություն չի եղել:

Լրագրողների հարցին` արդյոք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված աշխատանքային այցի ընթացքում որևէ քննարկում եղել է, Արսեն Խառատյանը պատասխանեց. «Ֆիզիկապես ժամանակ չի եղել, որպեսզի երկրի ղեկավարները միմյանց հանդիպեն և խոսակցություն ունենան, բայց բնականաբար մենք տեղյակ ենք դրանից, ֆիքսել ենք, առաջիկայում կարծում եմ, որ խոսակցություն կլինի»:

Արսեն Խառատյանն անդրադարձավ նաև հանդիպումներում Հայաստանի ղեկավարության կողմից երկրի սուվերենության հարցն ընդգծելու լրագրողների դիտարկմանը:

«Մենք ունենում ենք հանդիպումներ տարբեր երկրների ղեկավարների, դեսպանների հետ՝ լինի եվրոպական երկրից, թե ԱՄՆ-ից, Իրանից: Հայաստանը սուվերենության դիրքերից խոսում է բոլորի հետ: Չեմ տեսնում առանձին ակնարկի խնդիր կա: Ճիշտ բան է ասել վարչապետը, ես ուզում եմ կրկնել, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է մութ անկյուններ չլինեն, գաղտնի տարածք չպետք է լինի, այն ինչ մեր մտքերում է, պետք է կարողանանք ասել, որպեսզի արդյունավետ համագործակցենք»,- նշեց Խառատյանը:

Նա տեղեկացրեց, որ այս հանդիպման ժամանակ ղարաբաղյան հարց չի քննարկվել: Ինչ վերաբերում է առաջիկայում Ռուսաստանի ղեկավարության հետ նոր հանդիպմանը, Արսեն Խառատյանը նշեց, որ առաջիկա ժամկետների մասին ևս չի խոսվել, բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում առկա մեծ օրակարգը, վստահություն հայտնեց, որ շատ չի ուշանա:

«Չեմ կարող ասել որևէ ժամկետ, պարզապես ֆիքսենք այն իրողությունը, որ ընդամենը մեկ ամիս է կառավարությունն աշխատում է և արդեն երկու անգամ հանդիպում է տեղի ունենում, սա, թերևս, պայմանավորված է նաև օրակարգային այն հարցերով, որոնք կուտակվել են, իսկ այդտեղ պետք է աշխատել ակտիվ, հուսով եմ այս տեսանկյունից միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը և աշխատանքը էլ ավելի կարագացնի, որպեսզի առաջացող խնդիրները կարճ ժամկետներում լուծենք»,-հավելեց Արսեն Խառատյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է ՌուսաստանիԴաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետը մասնակցել է Խորհրդայինմիության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ ՀամազասպԲաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավորարարողությանն ու առաջնության առաջին խաղին:

XS
SM
MD
LG