Մատչելի հղումներ

Սեյրան Օհանյանի հարցաքննությունը կկայանա մոտ օրերին, արդեն նշանակված օր ու ժամ կա


Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կհարցաքննվի մոտ օրերս: Արդեն կա նշանակված ժամ և օր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ չցանկանալով, սակայն, քննության ընթացքից այլ տեղեկություններ հայտնել: «Քննություն է ընթանում ու դրա հետ կապված որևէ տեղեկատվություն բացահայտելն այս պահին տեղին չէ, նաև հակասում է օրենսդրությանը: Ինչ վերաբերում է պարոն Օհանյանին ծանուցում ուղարկելուն, ապա այն ուղարկվել է հունիսի 12-ին, պարոն Օհանյանը հունիսի 13-ին հայտարարել է, որ ծանուցում չի ստացել: Հնարավոր է, որ հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը հունիսի 13-ին նա ստացած չլինի: Պարոն Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է մի կազմակերպության գործունեության առնչությամբ, որի հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան: Եվ քանի որ դա եղել է Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ Անանյանի, բնականաբար, նա ևս կանչվել է հարցաքննության: «Սովորական գործողություն է քրեական գործի շրջանակներում: Ի դեպ, նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի»,-հավելեց Դավիթ Անանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։ Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG