Մատչելի հղումներ

Հայկական պուրակ Բոստոնի կենտրոնում


Բոստոնի կենտրոնում գտնվող Հայկական մշակութային ժառանգության պուրակը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պուրակի ճարտարապետ Դոնալդ Թելալյանի խոսքով՝ այն խորհրդանշում է հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ կիսված հայ ժողովուրդը:

Ժողովրդի երկու մասնիկներն անընդհատ փորձում են վերամիավորվել, ավելացնում է ճարտարապետը, ստեղծելով նոր ներդաշնակություններ: Յուրաքանչյուր տարի արձանի երկու մասնիկները վերամիավորվում են նորովի:

2012-ին բացված հայկական պուրակը կառուցվեց այն բանից հետո, երբ Բոստոնի հիմնական ավտոմայրուղին տեղափոխվեց քաղաքի տակը փորված թունել: Ազատված տարածքը որոշվեց կանաչապատել, դրա մի մասն էլ փոխանցվեց հայ համայնքին՝ պուրակ հիմնելու նպատակով:

«Մեզ անհրաժեշտ էր գծագրել պուրակ, որով կհարգվեր Հայոց ցեղասպանության եւ բոլոր մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը, սակայն, որի սիմվոլիզմը հասկանալի կլիներ բոլոր մյուսներին: Չէ՞ որ բոլորիս նախնիներն Ամերիկա էին ժամանել որպես ներգաղթյալ»:

Արձանից արցունքների նման թափվող ջուրը, որն այնուհետեւ վերամիավորվում է լաբիրինթոսի կենտրոնում, խորհրդանշում է կյանքի շարունակական ընթացքը: Ինչ վերաբերում է լաբիրինթոսին, ապա այն իր գաղտնիքներից մեկն է: «Որպեսզի պուրակն իսկապես սիրեն երեխաները, այն ծառերի, մարգագետինների ու նստարանների հետ միասին պետք է գաղտնիքներ պարունակի», - նշում է ճարտարապետը:

Պուրակի մասին պատմելիս՝ Դոնալդ Թելալյանն անընդհատ զրույցի թեման տանում է դեպի Հայաստան: Պատմական հայրենիք, որտեղ տիկնոջ հետ միասին եղել է արդեն երեք անգամ: Վերջին այցի ընթացքում որոշել էին Հայաստան տանել ութ թոռներից չորսին: Անհանգստանում էին, որ պատմական հայրենիքը կարող է երիտասարդներին դուր չգալ: Ուրախ էին, որ սխալվեցին.

«Նրանք սիրահարվեցին Հայաստանին, պարզապես սիրահարվեցին: Չնայած տնտեսական դժվարություններին, Երեւանը կարծես փոքրիկ Փարիզ լինի. կարող ես ուշ երեկոյան դուրս գալ եւ վայելել շատրվանները, երաժշտությունը, զբոսնել մյուս ընտանիքների հետ: Եւ ահա հիմա մեր դստեր չորս երեխաները պահանջում են մեզանից իրենց նույնպես Հայաստան տանել: Այնպես որ, հաջորդ տարի կրկին ենք մեկնելու»:

Մեր հարցին, թե արդյոք հնարավոր է, որ մի օր իր արձանը կրկին վերամիավորվի իր սկզբնական տեսքով, Դոնալդ Թելալյանը բացասաբար է պատասխանում՝ չէ որ այն խորհրդանշում է հայրենիքը լքած ժողովուրդների բոլոր սերունդները:

«Ի վերջո, համաձայնեք, վերամիավորման նոր տարբերակները նույնպես շատ գեղեցիկ են»:

Facebook Forum

XS
SM
MD
LG