Մատչելի հղումներ

Համաձայնագիր. Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետությունը կարող է վերանվանվել Հյուսիսային Մակեդոնիա


Հունաստանի ու Մակեդոնիայի վարչապետները համաձայնության են հասել բալկանյան երկու երկրների միջև 27 տարի ընթացող անհամաձայնության շուրջ՝ կապված Մակեդոնիա անվան հետ:

Բալկանյան երկու երկրների՝ Հունաստանի ու Մակեդոնիայի միջև շուրջ քառորդ դար առկա է հակասություն Մակեդոնիա անվան շուրջ: Այն կապված է Հին Հունաստանի առաջնորդ Ալեքսանդր Մեծի անվան հետ, ով հայտնի է նաև որպես Ալեքսանդր Մակեդոնացի: Երկար տարիներ երկու կողմերն անզիջում էին այս հարցում, քանի որ հունական կողմը այն համարում է տարածքային պահանջատիրության նշան։

«Մակեդոնիան հունական է, այլ ոչ թե սլավոնական: Ալեքսանդր Մեծը, հին հունարենը, բոլոր հին մետաղադրամերն ու հուշարձանները ևս»,- ասում է հույն մի ցուցարար:

«Մենք մակեդոնացիներ ենք ու կմնանք այդպիսին: Եվ վերջ»,- ասում է մակեդոնացի մի ցուցարար:

Նախկին Հարավսլավիայի կազմալուծումից հետո Մակեդոնիան միջազգայնորեն ճանաչվել է որպես Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն անվամբ: Աթենքն իր հերթին արգելափակել էր ՆԱՏՕ և Եվրամիություն Սկոպիեի անդամակցությունը՝ պահանջելով վերանայել երկրի անվանումը: Տևական ժամանակ շարունակված բանակցություններն արդյունքի չեն հասել: Այժմ կողմերը հանգել են համաձայնության:

«Նրանք համաձայնեցին կոչել երկիրը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն»,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Ըստ Ցիպրասի, համաձայնագիրը մակեդոնական կողմին կզրկի հունական նույնանուն պատմական տարածքի հանդեպ տարածքային կամ որևէ այլ տեսակի պահանջներ ունենալուց:

Մակեդոնիայի վարչապետն իր հերթին կոչ է արել իր ժողովրդին ընդունել փոխզիջումային տարբերակը՝ խնդիրը վերջնականապես կարգավորելու համար:

«Մակեդոնիան պետք է առաջ շարժվի և հավասարվի ու մրցի Արևմուտքի հետ՝ նույն կյանքի որակն ապահովելու համար»,- ասել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:

Երկու երկրներում փոխզիջումն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ՝ քննադատներ: Այս տարի այս հարցի շուրջ Սկոպիեն կանցկացնի հանրաքվե: Դրական արդյունքի դեպքում անհրաժեշտ կլինեն սահմանադրական փոփոխություններ: Հունաստանում համաձայնագրի ճակատագիրը կորոշի երկրի խորհրդարանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG