Մատչելի հղումներ

Ուոթերթաունի Հայկական պատմական արխիվում պահպանվում են մի շարք կարեւորագույն պատմական փաստաթղթեր, այդ թվում եւ ՀՅԴ արխիվը:

Արխիվի տնօրեն Ջորջ Աղջայանի խոսքով, անվտանգության հատուկ պայմաններն արդարացված են: Արխիվը հայ ժողովրդի պատմական ժառանգության կարեւոր մասն է եւ դրա արժեքն էլ ավելի բարձր է, հաշվի առնելով շուրջ մեկ դար առաջ Ցեղասպանության տարիների պատմամշակութային կորուստները.

«Արխիվն ինքնին հսկայական կարեւորություն ունի մեր ժողովրդի համար: Դրա միջոցով հնարավոր է դառնում վերականգնել ժամանակն ու պայմանները, որոնցում ապրել ենք»:

Արխիվում պահվում են Դաշնակցության 1980-1926 թվականների եւ Հայաստանի Առաջին Հանրապետության փաստաթղթերը, ինչպես նաեւ այն տարիների մասնավոր արխիվներն ու հարյուրավոր եզակի լուսանկարներ: Արխիվում տարիներ շարունակ տարվում են թվայնացման աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով նյութերի ծավալը, դրանք դեռ երկար են շարունակվելու, նշում է Ջորջ Աղջայանը:

Անդրադառնալով թուրքական կողմից հնչող երբեմնի հայտարարությունների թե արխիվը փակ է պատմաբանների համար, տնօրենը նշում է, որ նախկինում արխիվի հիմնական նպատակն էր փաստաթղթերի պահպանությունը, սակայն, վերջին տարիներին հնարավոր է եղել ստեղծել ընթերցասրահ եւ սարքավորումներ տեղադրել՝ հյուրընկալելով բազմաթիվ պատմաբանների.

«Մյուսների ուղղությամբ քարեր նետելու փոխարեն, լավ կլինի իրենց արխիվները բացեին: Դա քաղաքական հայտարարություններ են՝ մեր կողմից երբեք միտում չի եղել մեր արխիվները փակելու, ընդհակառակը, հնարավորությունների սահմաններում միշտ փորձել ենք դրանք հասանելի դարձնել»:

Արխիվում պահվող նյութերը պատմում են ոչ միայն Հայոց ցեղասպանության այլեւ՝ երիտասարդ հանրապետության ստեղծման առաջին քայլերի եւ դժվարին իրավիճակի մասին: Փաստաթղթերը պարունակում են Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարության աշխատանքի մասին վկայող եզակի պատմություններ:

«Եթե կա մեկ բան, որ այսօրվա Հայաստանի ղեկավարությունը կարող է շարունակել, դա անձնվեր աշխատանքն է, այն զոհաբերությունները, որոնց գնացին այն տարիների Հայաստանի առաջնորդները հանուն ժողովրդի եւ ազգի: Հենց դա է ի հայտ գալիս, երբ բացում ես դարավոր պատմություն ունեցող էջերը», - Ջորջ Աղջայանը հիշեցնում է՝ այսօր էլ մենք ենք կերտում մեր ապագան, որը պետք է ապրել այնպես, որ մեկ դար հետո մեր օրերին հայացք գցելով գնահատեն մեր արված գործը:

Facebook Forum

XS
SM
MD
LG