Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը մեկնաբանել է սինգապուրյան գագաթաժողովի արդյունքները


Նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ունի հետ կայացած գագաթաժողովից հետո պատասխանել է «Ամերիկայի Ձայնի» հարցերին հանդիպման կապակցությամբ:

Գրետա Վան Սուստերեն. Ինչը՞ զարմացրեց Ձեզ Կիմ Ջոն Ունի մեջ

Նախագահ Թրամփ. Իրոք, նա շատ լավ անձնավորություն է: Ունի հումորի զգացում, շատ խելացի է ու փայլուն բանակցող: Նա սիրում է իր ժողովրդին: Այնպես չէ, որ զարմացած եմ դրանով, բայց փաստ է: Կարծում եմ՝ սա մեր փայլուն համաձայնության սկիզբն է: Մենք պատրաստվում ենք ապամիջուկայնացնել Հյուսիսային Կորեան: Դա պետք է անմիջապես սկսել, եւ շատ այլ զարգացումներ կլինեն, ներառյալ այնտեղից զոհված մարդկանց մասունքների վերադարձը: Դուք գիտեք դրա մասին, ներգրավված եք Հյուսիսային Կորեայի հարցում, Գրետա: Այդ մարդկանց մասունքների վերադարձը շատ կարեւոր է իրենց հարազատների համար, ովքեր ինձ զանգահարում և նամակներ էին գրում՝ խնդրելով օգնել այս հարցում: Եվ նա համաձայն է դա անել: Խոսքը հազարավոր մարդկանց մասունքների մասին է, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ, և դա շատ մեծ գործ է:

Գրետա Վան Սուստերեն. Իսկ այսօր բարձրացրե՞լ եք մարդու իրավունքների խնդիրը, և ինչպե՞ս նա արձագանքեց:

Նախագահ Թրամփ. Մենք մեր ժամանակի շուրջ 90 տոկոսը ծախսել ենք ապամիջուկայնացման մասին քննքրկումներում, սակայն եղան նաև այլ հարցեր, ներառյալ մարդու իրավունքներն ու զոհվածների մասունքների խնդիրները: Այդ ամենը ներգրավված է վերջնական փաստաթղթում, որին մենք կարողացանք հասնել: Այն շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունի, քան շատերը ակնկալում էին»։

Գրետա Վան Սուստերեն. Իսկ ի՞նչ էր տեղի ունենում փակ դռների հետևում: Դուք նրան վերջնագիր ներկայացրեցի՞ք կամ մի գուցե նա է Ձեզ վերջնագիր ներկայացրել: Ինչպե՞ս ընթացան բանակցությունները:

Նախագահ Թրամփ. Որևէ վերջնագիր չի եղել: Մենք արդեն երեք ամիս է՝ բանակցում ենք մեր տարբեր ներկայացուցիչների միջոցով, ներառյալ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով փայլուն աշխատանք կատարեց: Ուստի երկար ժամանակ է, ինչ բանակցում ենք, և այսօրվա հանդիպմանն արդեն ամեն ինչ հստակ էր: Արդեն 25-րդ ժամն է, որ չեմ քնել, չափազանց երկար բանակցություններ էին, չափազանց հպարտ եմ դրանցով: Դրանք ծնունդ տվեցին մի գործընթացի, որը կարող է դադարեցնել պատերազմը, որը միլիոնավոր մարդկանց է վերաբերվում, ովքեր բնակվում են Հյուսիսային և Հարավային Կորեաներում: Սեուլում միայն բնակվում է շուրջ 28 միլիոն մարդ, և պատերազմը նրանց բոլորի համար մեծ վտանգ է ներկայացնում: Մենք պատրաստվում ենք հասնել համաձայնության:

Գրետա Վան Սուստերեն. Իսկ ի՞նչ կասեք մեր զորքերի մասին: Նրանք մնալու՞ են Հարավային Կորեայում

Նախագահ Թրամփ. Այո, նրանք պետք է մնան: Մենք անգամ չենք էլ քննարկել այդ հարցը: Մենք պատրաստվում ենք դադարեցնել այս ռազմական թանկարժեք խաղերը: Դրանք նաև չափազանց հրահրիչ են և մարդկանց ճակատագրերի հետ կապված: Մենք կդադարեցնենք դրանք, եթե իհարկե վստահենք միմյանց բանակցությունների ընթացքում:

Գրետա Վան Սուստերեն. Իսկ ինչը՞ ստիպեց այժմ Կիմին նստել բանակցությունների սեղանին տասնյակ տարիներ ռազմական սպառնալիք հնչեցնելուց հետո:

Նախագահ Թրամփ. Չեմ կարծում, որ այդքան շատ սպառնալիք է հնչել: Նրանք իրականում լռում էին և չէին ցանկանում քննարկել որևէ հարց: Շատերը մտածում էին, որ ես սխալ եմ վարվում, բայց կարծում եմ առանց այս ջանքերի նա այստեղ չէր գա: Բացի այդ, ես մեծ ցանկություն ունեմ համաձայնության հասնել, նման ցանկություն ունի նաև ինքը:

Գրետա Վան Սուստերեն. Սակայն ինչու՞

Նախագահ Թրամփ. Որովհետև նա տեսնում է, որ մենք իրեն առաջարկ ունենք: Չեմ կարծում նախկինում ունեցել է նման առաջարկ: Նախկինում ուրիշ մարդիկ էին: Այժմ նա գիտի, որ մենք ցանկանում ենք փոխշահավետ համաձայնության հասնել և մենք դա կանենք: Նախկինում կտրուկ ենք խոսել Հյուսիսային Կորեայի մասին, սակայն այժմ ստորագրել ենք փաստաթուղթ, որն ավելի համապարփակ և շահավետ է, քան կարծում էին շատերը: Շատերը չէին մտածում, որ սա հնարավոր է:

Գրետա Վան Սուստերեն. Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ տպավորություն թողեցիք նրա վրա

Նախագահ Թրամփ. Կարծում եմ նա ինձ հավանեց, ես էլ՝ նրան: Հասկանում եմ, որ անցյալում եղել են խնդիրներ: Նա իհարկե դժվար մարդ է, սակայն մենք հասկացանք միմյանց: Նա խելացի է, հայրենասեր ու սիրում է իր ժողովրդին: Նա բարին է ցանկանում իր ժողովրդին, ուստի նա այսպես է վարվում:

Գրետա Վան Սուստերեն. Այդուհանդերձ նա սովամահ է անում նրանց, բռնություններ գործադրում: Այդպե՞ս է դրսևորվում նրա սերը։

Նախագահ Թրամփ. Նա վարվում է այնպես, ինչպեսվարվել են իրենից առաջ: Սակայն այս վերջին շրջանը շատ որոշիչ էր: Առանց պատժամիջոցների, եւ մեր կողմից հնչեցված ուղիղ հայտարարությունների, ոչինչ չէր ստացվի: Պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ մինչև վստահ չլինեք, որ այս համաձայնությունը իրականացվում է: Մենք առաջընթաց ենք տեսնում այժմ, սակայն դրանք կպահպանվեն մինչև ապամիջուկայնացման մեր նպատակը կիրականանա:

Գրետա Վան Սուստերեն. Մենք ներկայացնում ենք «Ամերիկայի Ձայնը», ուստի Ձեր խոսքը հասանելի կլինի Հյուսիսային Կորեայի Ժողովրդական դեմոկրատական հանրապետության քաղաքացիներին: Ի՞նչ կցանկանայիք ասել նրանց։

Նախագահ Թրամփ. Կարծում եմ ի դեմս նրանց ղեկավարի նրանք ունեն գործիչ, ով շատ ջերմ է վերաբերվում նրանց: Նա ցանկանում է ճիշտ քայլեր կատարել հանուն նրանց, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր մեջ առկա է խորը փոխըմբռնում, դա չափազանց կարևոր է: Եթե մարդկանց միջև չկա այդ փոխըմբռնումը, ոչինչ չի ստացվի: Ի սկզբանե ճիշտ ուղղության վրա էինք: Ես խոսել եմ դրա մասին, և վստահ եմ, որ Հյուսիսային Կորեային սպասում են նոր ձեռքբերումներ:

Գրետա Վան Սուստերեն . Ուրախ էինք զրուցել Ձեզ հետ, պարոն նախագահ, այստեղ Վաշինգտոնից այդքան հեռու:

Նախագահ Թրամփ. Այո, երկար բանակցություններ էին: Հուսամ կկարողանամ մի փոքր քնել և հանգստանալ։

Գրետա Վան Սուստերեն .Ձեզ բարի վերադարձ եմ մաղթում։

Նախագահ Թրամփ. Շնորհակալ եմ, Գրետա, ուրախ էի զրուցել։

Facebook Forum

XS
SM
MD
LG