Մատչելի հղումներ

Թրամփն առաջարկում է, որ Ռուսաստանը վերադառնա Մեծ ութնյակ


Թրամփն առաջարկում է, որ Ռուսաստանը վերադառնա Մեծ ութնյակ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ Ռուսաստանը նորից մասնակցի Մեծ յոթնյակի գագաթաժողովներին: Իր այս կարծիքը Թրամփը հայտնել է Կանադայի Քվեբեք քաղաք ուղեւորվելիս, որտեղ սկսվում է յոթ խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների ղեկվարների այս տարվա հանդիպումը: Մեծ յոթնյակի անդամ երկրների տնտեսությունները միասնաբար կազմում են համաշխարհային տնտեսության 60 տոկոսը:

Ռուսաստանը հիմնականում քաղաքական հենք ունեցող այս խմբին էր միացել 1997 թվականին, որն այդ օրվանից անվանվեց Մեծ ութնյակ: Սակայն Ղրիմի բռնակցումից հետո 2014 թվականին դադարցվել էր Ռուսաստանի անդամակցությունը: Մեծ յոթնյակից իր մշտական հեռացման մասին Ռուսաստանը հայտարարեց անցյալ տարի:

Մինչեւ Կանադա ուղեւորվելը, Սպիտակ տանը Թրամփն ասել է. ‘’Ես առաջարկում եմ, եւ դա նրանց որոշելու հարցն է, որ Ռուսաստանը մասնակցի հանդիպմանը: Ուզեք, թե չուզեք, եթե նույնիսկ քաղաքականապես դա ճիշտ չէ, սակայն մենք պետք է շարունակենք ղեկավարել աշխարհը: Ուզում ենք Ռուսաստանը վերադառնա, քանի որ պետք է, որ այն լինի բանակցությունների սեղանի մոտ’’:

Թրամփի առաջարկին կողմ է հանդես եկել Իտալիայի վարչապետը, սակայն հյուրընկալ երկրի’ Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն ասել է, թե իր երկիրը դեմ է Ռուսաստանի վերադարձին: Ռուսաստանի վերադարձին դեմ են նաեւ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան:

Այս բոլոր խոսակցությունները վերջ տալու ոճով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ‘’Ռուսաստանն ուզում է կենտրոնանալ Մեծ յոթնյակից տարբեր այլ ձեւաչափով հանդիպումների վրա’’:


Ինչ վերաբերում է այս տարվա գագաթաժողովին, կա այն մտավախությունը, որ հանդիպումը կլինի լարված, քանի որ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սակագներ են սահմանվելու նաեւ դեպի ԱՄՆ Կանադայից, Մեքսիկայից ու Եվրոպական միությունից պողպատի ու ալյումինի ներկրումների վրա:

XS
SM
MD
LG