Մատչելի հղումներ

Ազատ է արձակվելՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը


ՀՀ պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը:

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավոր` Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը և Գևորգ Պետրոսյանը ու «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Արամ Մանուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի ( շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1.2 կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ 1-ին մասի հատկանիշներով:

XS
SM
MD
LG