Մատչելի հղումներ

''Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում փոփոխություններ չեն լինի'', ՀՀ փոխարտգործնախարար


Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում վեկտորների փոփոխություն տեղի չի ունենալու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Հայաստանի արտաքին հարաբերություններում ՀՀ պետական շահը լինելու է առաջնահերթություն: Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններում շեշտակի փոփոխություններ տեղի չեն ունենա, սակայն դա չի նշանակում, որ չկան խնդիրներ և որ դրանք չպետք է լուծվեն»,-ասել է նա:

Ինչպես «Արմենպրես»-է տեղեկացնում, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված առաջիկա քայլերին՝ փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ առայժմ նման պայմանավորվածություն չկա: «Առաջիկայում Երևան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և այդտեղից էլ կհասկանանք, ինչ ուղղությամբ ենք գնալու»,-ասել է Ռուբինյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք բավարար է համարում փորձը փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու համար՝ Ռուբինյանն ասել է. «Այո»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում:

Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում: 28-ամյա փոխնախարարը նախկինում զբաղվել է գիտական գործունեությամբ, 2016 թվականին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնում:

XS
SM
MD
LG