Հունիսի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց ցմահ դատապարտված 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին: Վերջինս դատապարտվել էր թմրամիջոցների տարածման և փողերի լվացման գործով:
Ջոնսոնին ներում շնորհելու որոշմանը նախորդել էր Սպիտակ տանը նախագահ Թրամփի հանդիպումը ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի հետ, ով նախագահին էր դիմել Ջոնսոնին ներում շնորհելու խնդրանքով:
Ցմահ դատապարտված Ջոնսոնը Թենեսի նահանգից է: Նա ընդհանուր առմամբ բանտում է անցկացրել ավելի քան 20 տարի: Այդ տարիներին նա աչքի է ընկել բարեխիղճ վարքագծով: Սպիտակ տան հայտարարության մեջ ընդգծվում է այդ փաստը:
Ջոնսոնը մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է ընդունել իր ազատ արձակման փաստը: Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և Քիմ Քարդաշյանին իրեն ներում շնորհելու և այս հարցը բարձրացնելու համար: Իր ազատ արձակման մասին նրան անձամբ տեղեկացրել էր Քարդաշյանը:
«Փաստաբանս զանգահարեց, բայց ես տեղյակ չէի, թե ինչ է կատարվում: Հետո լսեցի Քիմ Քարդաշյանի ձայնը: Նա էր, ով ինձ տեղեկացրեց, որ ինձ ազատ են արձակում ու ես կարող եմ վերամիավորվել ընտանիքիս հետ»,- պատմել է Ջոնսոնը:
Այժմ երջանիկ նախկին բանտարկյալը վերամիավորվել է իր ընտանիք հետ: Այս ամենի համար նա չափազանց երախտապարտ է ռեալիթի շոուի աստղին, ում նա կոչում է իր հրեշտակը:
«Ես նրան միշտ համարել եմ իմ հրեշտակ, սակայն հետագայում պարզվեց, որ նա ինձ համար պայքարող հրեշտակ է, քանի որ միայն նրանք են կարող մաքառել նման համառությամբ: Եվ նա հետևողականորեն պայքար է մղել ինձ համար»,- նշում է Ջոնսոնը:
Սպիտակ տունը նաև հաղորդել է, որ նախագահ Թրամփը, օգտագործելով օրենքով իրեն տրված լիազորությունները, ներում կշնորհի տասնյակ այլ դատապարտյալների:
Facebook Forum