Մատչելի հղումներ

 
Ազատ արձակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը

Ազատ արձակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը


ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանը կալանքից ազատ է արձակվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը և կալանքը, որպես խափանման միջոց փոխարինվեց բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 միլիոն 808 հազար ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

XS
SM
MD
LG