Մատչելի հղումներ

Գերմանիայի դեսպանը հեռանկարային է համարել Հայաստանի հետ փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարեւորելով հայ-գերմանական գործընկերության զարգացումը՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը զարկ տալու նպատակով նոր քայլեր ձեռնարկել: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը: Պատրաստ ենք համատեղ աշխատանքով նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների համագործակցությունը, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանն ու դրանց արդյունավետ իրականացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև մեր երկրում տարբեր ուղղություններով նախատեսվող բարեփոխումների իրականացման գործում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Դեսպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի և Գերմանիայի միջև խթանել բազմոլորտ համագործակցությունը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացումը: Մաթիաս Քիսլերը հեռանկարային է համարել փոխգործակցությունն արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Ինչպես ՝՝Արմենպրես՛՛-ն է հաղորդում, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով ընտրությունների մասին հարցին՝ վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխությունների իրականացումը, որոնք կերաշխավորեն դրանց ազատ, արդար և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

XS
SM
MD
LG