ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով Արեգ Կյուրեղյանը կալանքից ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը և փոխել խափանման միջոցը ստորագրությամբ բնակավայրից չհեռանալու մասին:
Կյուրեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը դատարանը քննեց՝ հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորությունը: Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր ներկայացրել էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը:
Արեգ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ի կետի, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ մասի 1, 2 կետերի հատկանիշներով: