Մատչելի հղումներ

Սիրիայում քրդական զորամիավորումները կզինաթափվեն, պնդում է Թուրքիայի արտգործնախարարը


Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատների Մանբիջից դուրսբերման ու այդ առումով ձեռք բերված համաձայնություններին

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատների կողմից Մանբիջ քաղաքից հեռանալու հարցին և դրա շուրջ ձեռքբերված համաձայնություններին, ըստ որոնց, քրդական զորամիավորումները պետք է զինաթափվեն Մանբիջից հեռանալու ժամանակ:

«Որպես առաջին քայլ, քրդական զորամիավորումների ու Քրդական աշխատավորական կուսակցության անդամները կլքեն Մանբիջը: Նրանք կզինաթափվեն ու կհեռանան դեպի Եփրատ գետի արևելյան կողմը, սակայն դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք, որ նրանք մնան այնտեղ: Մեր նկատմամբ սպառնալիքը գալիս է հենց այդ շրջաններից»,- ասում է Թուրքիայի արտգործնախարարը:

Նա նշել է, որ աշխատանքները ճանապարհային քարտեզի շուրջ, որը ստացել է ամերիկացի իր պաշտոնակից Մայք Փոմփեոյի աջակցությունը, կսկսեն մոտ 10 օրից և կտևեն մոտ 6 ամիս: Չավուշօղլուն ընդգծել է, որ ապագայում նույն մոդելը պետք է կիրառվի քրդական վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, ներառյալ Ռաքքայում և Քոբանիում:

«Եփրաթի արևելյան կողմում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության ու քրդական ինքնապաշտպանական ջոկատների անդամները սպառնալիք են Թուրքիայի համար: Մենք նկատել ենք, որ ոմանք չեն հետևում մեր հայտարարություններին: Մենք ասել ենք, որ ճանապարհային քարտեզը կիրագործվի նաև Մանբիջից հետո քրդական ջոկատների վերահսկողության տակ գտնվող այլ վայրերում: Դա ընդգրկված է մեր համաձայնագրում»,- նշում է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն խոստովանել է, որ ԱՄՆ-ը չի խոստացել քրդական ինքնապաշտպանական ջոկատները ճանաչել որպես ահաբեկչական կառույցներ: Նա նաև ընդգծել է, որ թուրք-ամերիկյան համաձայնությունները Մանբիջի շուրջ որևէ կերպ չեն առնչվում Սիրիայի հարցում թուրք-ռուսական երկխոսությանը:

Չավուշօղլուի հայտարարություններին հաջորդեց Սիրիայում քրդական ինքնապաշտպանական զորամիավորման ղեկավարության հայտարարությունը Մանբիջից ռազմական իր խորհրդականների դուրսբերման մասին: Հայտարարության մեջ նշված է, որ քրդական զորամիավորումներն արդեն մեկ տարուց ավելի է դուրս են բերվել Մանբիջից, սակայն ռազմական խորհրդականները գտնվում էին այնտեղ և համագործակցում Մանբիջի ռազմական խորհրդի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG