Amnesty International իրավապաշտպանա կազմակերպության հրապարակած զեկույցը պնդում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Դաեշ-ի դեմ պայքարում խախտել են միջազգային իրավունքը սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման ժամանակ:
Ըստ զեկույցի, կոալիցիոն ուժերը համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել քաղաքացիական ազգաբնակչության անվտանգության ապահովման համար Դաեշ-ի կենտրոն հանդիսացող Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունների ընթացքում:
«Ռաքքայի բնակչությունն արժանի է արդարության և պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել, սակայն մինչև այս պահը կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները հրաժարվում են որևէ բացատրություն տալուց»,- նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Դոնաթելա Ռովերան:
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ խոսել է Ռաքքայի 112 բնակիչների հետ և այցելել ռմբակոծումներից տուժած 42 վայր:
Այն ընդգծում է, որ զեկույցում նկարագրված են 4 դեպքեր, երբ ռմբակոծվել են շենքեր, ուր գտնվում էր խաղաղ բնակչություն:
«ԱՄՆ-ի հատուկ ջոկատայինները հայտնել են, որ շուրջ 30 հազար ական են արձակել Ռաքքայի ուղղությամբ: Դա հավասարազոր է խառը հրետակոծմանը, քանի որ յուրաքանչյուր հրետանու ական ունի հարյուրավոր մետրերի շեղման հավանականություն, իսկ այդ քաղաքում 10 մետր հեռավորության վրա են գտնվել մարդկանց տներն ու Դաեշ-ի կենտրոնները»,- ընդգծում է Amnesty International-ի ներկայացուցիչը:
Հայտնի է, որ Ռաքքայի ազատագրման ընթացքում Դաեշ-ը կրակակետեր էր տեղակայում բնակեցված թաղամասերում՝ մարդկանց օգտագործելով որպես կենդանի վահան:
Նախկինում կոալիցիոն ուժերն, ի պատասխան մեղադրանքների, հայտարարել են, որ ազատագրման ժամանակ քաղաքացիական ազգաբնակչության շրջանում եղել են զոհեր: Ըստ կոալիցիոն ուժերի՝ իրենք արել են ամեն ինչ զոհերից խուսափելու համար և գործել չափազանց զգուշավոր:
Facebook Forum