ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Ամերիկա-չինական վերջին բանակցություններն այդպես էլ չգրանցեցին որևէ առաջընթաց:
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը սպառնացել է 25 տոկոսանոց սակագին սահմանել շուրջ 50 միլիարդ շրջանառություն ունեցող Չինաստանից ներկրվող տեխնոլոգիական ապրանքատեսակների վրա, ինչպես նաև ավելացնել տուրքերը չինական ապրանքների նկատմամբ: Չինաստանը հակազդել է մի շարք ամերիկյան գյուղատնտեսական ապրանքատեսակների նկատմամբ սակագներ սահմանելով, որը դժգոհություն է առաջացրել ամերիկացի ֆերմերների շրջանում:
«Եթե նման սակագներ կիրառվեն, ապա կտուժեն ոչ միայն ֆերմերներն, այլ շատ նահանգներ ամբողջությամբ, որտեղ գյուղատնտեսությունը կարևոր ճյուղ է»,- նշում է Ալ Ջահնքենը Նեբրասկայի խոզաբուծության միությունից:
«Երկարաժամկետում իրավիճակը կբարելավվի մեզ համար»,- նշում է հանրապետական կուսակցության Քենթաքիի նահանգային խորհրդի ղեկավար Մաք Բրաունը, ով նախկինում զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ:
ԱՄՆ-ի հետ առևտրային կապերի հարցում եղած դժվարությունների հետ զուգահեռ արևելյան և եվրասիական ուղղությամբ Չինաստանի առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգացում են ապրում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության և Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
«Երկրներից շատերը ցանկանում են ներգրավվել այս համագործակցության մեջ , քանի որ դրա ծավալները կարող են կտրուկ աճել, ուստի ամեն երկիր ցանկանում է այս շղթայի մեջ տեսնել իր տնտեսական և տարանցիկ հնարավորությունները: Այս հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում Չինաստանի հետ մեր բանակցություններում, որտեղ քննարկվում են հստակ նախագծեր»,- նշում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հունիսի 9-10 կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, որը կղեկավարի Չինաստանը: Տիգրան Սարգսյանը կարևորում է գագաթաժողովի անցկացումը՝ նշելով համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս առումով նա ընդգծում է Չինաստանի ունեցած ներդրումը խաղաղության ու կայունության ապահովման հարցում:
Facebook Forum