Կիրակի օրն առանց որեւէ արդյունքի ավարտվեցին Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջեւ առեւտրի հարցերով անցկացված բանակուցությունները: Կողմերը քննարկում էին ԱՄՆ-ի նկատմամբ Չինաստանի առեւտրային ծավալների առավելությունը հավասարակշռելու խնդիրնեը: Այդ առավելությունն անցյալ տարի կազմել է 375 միլիարդ դոլար: Չինաստանը համաձայնել է գնել ավելի մեծ ծավալով ամերիկյան ապրանքներ, սակայն պայմանով, որ ԱՄՆ-ը չսահմանի նոր սակագներ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբըր Ռոսի ու Չինաստանի փոխվարչապետ Լիու Հիի միջեւ անցկացված բանակցություններից հետո կողմերը հանդես չեկան համատեղ հայտարարությամբ: Սակայն չինական կողմն ավելի ուշ հայտարարեց, թե երկու կողմերում էլ գրանցվել է դրական տրամադրվածություն:
Միջազգային առեւտրի չինական ընկերակցության տնտեսագետներից Լի Յոնգի խոսքերով, ‘’Շատ օգտակար կլիներ հարգել կյանքը բարելավելու չինացիների պահանջը եւ տնտեսությունը զարգացնել ներկրումներին զարկ տալու միջոցով’’:
Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը սպառնացել է 25 տոկոսի սակագներ սահմանել Չինաստանից ամեն տարի 50 միլիարդ դոլարի ծավալով ներկրումների վրա եւ ավելացնել 150 միլիարդ դոլար կազմող չինական ապրանքների վրա դրված մաքսը:
Չինաստանը խոստացել է դիմել հակակշիռ քայլերի` ամերիկյան այնպիսի ներկրումների վրա մաքսեր սահմանելով, ինչպիսիք են սոյան, եգիպտացորենը եւ գյուղատնտեսական այլ ապրանքներ: Սա մեծ մտահոգության առարկա է դարձել ամերիկացի ֆերմերների համար:
Խոզի մսամթերման ընկերակցությունից Ալ Ջուքեի խոսքերով. ‘’Ամբողջ վերին արեւմտյան նահանգներն են տուժելու, որոնց համար գլխավորը գյուղատնտեսությունն է: Մենք տնտեսապես շատ ամուր ենք կապված իրար հետ’’:
Սակայն այլոք ասում են, թե երկարաժամկետ կտրվածքով ԱՄՆ-ի տնտեսությունը կշահի մեծապես:
Քենթաքի նահանգի Հանրապետական կուսակցության նախագահ Մաք Բրաունի խոսքերով օրինակ, ‘’Տնտեսությանը զարկ տալու համար հարկավոր է նայել ապագա արդյունքներին: Եթե խոսքը վերաբերում է հաջորդ սերունդներին, ուրեմն այսօր գնում ենք ճիշտ ուղղությամբ’’:
Չինաստանը հայտարարում է, թե մտադիր է մեծացնել այլ երկրներից իրականացվող ներկրումների ծավալները: