Մատչելի հղումներ

Կանադայի, Մեքսիկայի և ԵՄ-ի արձագանքը ԱՄՆ-ի որոշմանը


ԱՄՆ-ի առևտրային մի շարք գործընկերներ սպառնում են հակակշիռ քայլեր իրականացնել ընդդեմ ԱՄՆ-ի այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն հունիսի 1-ից ուժի մեջ մտան հարկեր պողպատի ու ալյումինի ներկրումների վրա։

Միացյալ նահանգների խոշորագույն առևտրային գործընկերներից մի քանիսը խոստանում են հակահարված հասցնել ԱՄՆ-ին՝ ի պատասախան Թրամփի որոշմանը,որի համաձայն՝ Եվրամիությունից, Մեքսիկայից և Կանադայից պողպատի ներկրման սակագինը կկազմի 25 տոկոս, իսկ ալյումինի ներմուծման սակագինը՝ 10 տոկոս:

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ հարկավոր է գնալ այս քայլին արդյունաբերական բնագավառում կարևոր արտադրական ոլորտների և աշխատատեղերի պահպաման նպատակով:

Բոստոնի հարևամությամբ գտնվող Riverdale Mills ընկերությանը պատկանող փոքր գործարանը բիզնես գործունեություն է ծավալում ձկնարդյունաբերության և անվտանգության ոլորտներում: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ սակագների սահմանումը ուղղակի վնաս է հասցնելու նրա բիզնեսին և հաճախորդներին:

Ըստ նրա՝ ներմուծվող պողպատի սակագինը նշված ոլորտներում դժվարացնելու է մրցակցությունը Չինաստանի և Իտալիայի մրցակիցների միջև:

Մրցակցային ձեռնարկությունների ինստիտուտի վերլուծաբան Ռայան Յանգի կարծիքով սակագների բարձրացումը կազդի նաև ամերիկացիների ընդհանուր կենսամակարդակի վրա:

«Աշխատատեղերի կորստից բացի այս փոփոխությունը որոշակի անորոշություն կստեղծի և կոշտ հարցեր կառաջացնի շատ ընտանիքների մոտ, քանի որ մարդիկ պետք է հասկանան ինչպես են կատարելու բնակարանային ու կոմունալ վճարումները: Նախագահը պետք է պատրաստ լինի պատասխանել այս հարցերին», - գտնում է վերլուծաբան Ռայան Յանգը:

Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդուն սակագների ավելացումը «անընդունելի» է որակել՝ խոստանալով համապատասխան հակահարված հասցնել:

Կանադայի արտգործնախարարը հայտարարել է, որ Կանադան իր հերթին կավելացնի ԱՄՆ-ից Կանադա ներկրվող պողպատի, ալյումինի և այլ ապրանքատեսակների սակագները՝ հաշվի առնելով, որ միայն 2017 թվականի Կանադական արտահանման վրա ԱՄՆ-ի այս որոշումից կրած ֆինանսական վնասը կազմում է մոտ 16 մլրդ դոլար:

Նշենք, որ Մեքսիկան նույնպես տեղեկացրել է, որ համապատասխանաբար կարձագանքի ներկրման սակագների կիրառման մասին ԱՄՆ-ի որոշմանը:

Թեև Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները մասսամբ բխում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը շահերից Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ԱՄՆ-ի այս որոշումը սխալ է որակել ու նշել, որ «տնտեսական ազգայնականությունը տանում է դեպի պատերազմ»:

XS
SM
MD
LG