Մատչելի հղումներ

Սպեյս X ընկերությունը Կալիֆոռնիայի տիեզերակայանից արձակել է նոր հրթիռ, որը բազմաթիվ արբանյակներ է տեղափոխել տիեզերք: Մասնավոր ընկերությունների հետաքրքրությունը տիեզերքի հետազոտման նկատմամբ գնալով աճում է:

Տիեզերքը դառնում է հետաքրքիր գործարար աշխարհի համար:

«Սա վերածնունդ է: Տիեզերքի ուսումնասիրության նոր մի փուլ: Վերջապես գործարար հատվածը սկսեց հետաքրքրվել և ներգրավվել այս հետաքրքիր ոլորտում»,- նշում է տիեզերքի հետազոտմամբ զբաղվող Վիլ Մարշալը:

Այս նոր ուսումնասիրությունները կարող են օգտակար դառնալ ոչ միայն տիեզերքի ուսումնասիրության, այլ ընդհանրապես մարդկային զարգացման հարցում:

«Մենք շուրջ 200 արբանյակներ ենք տեղադրել տիեզերանավում, որոնք ամեն օր կպատկերեն երկիր մոլորակն ամբողջապես: Դա կտևի մի քանի տարի»,- ասում է Մարշալը:

Այս նորարարությունները կարող են ի հայտ բերել նոր բացահայտումներ:

«Այս նոր տեղեկությունը կարող է օգտագործվել օրինակ գյուղատնտեսության ոլորտում: Կամ նոր բացահայտումները կարող են օգտագործվել տեխնոլոգիաների ասպարեզում, մասնավորապես թվային քարտեզների օգտագործման ասպարեզում, որով քարտեզներ կազմող ընկերությունները կարող են ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալ: Այն կարող է օգտագործվել նաև կառավարության կողմից բազմաթիվ ասպարեզներում՝ սահմանային անվտանգությունից սկսած մինչև բնական աղետների կանխարգելում»,- նշում է Մարշալը:

Հայտնի է, որ մի շարք արբանյակներ օգտագործվում են ազգային անվտանգության ոլորտում:

«Մի քանի ամիս առաջ մենք արձակեցինք արբանյակ, որն ուներ լազերային հաղորդակցման միջոց: Այդ նույն արբանյակը կարող է կիրառվել ազգային անվտանգության ասպարեզում և օգտակար լինել անվտանգության ապահովման համար»,- նշում է Սթիվ Իսակովիցը The Aerospace Corporation ընկերությունից:

Այսօր մասնավոր մի շարք ընկերություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հետազոտության ու այնտեղ ընթացող փորձարկումների նկատմամբ: Նման հետազոտություններ իրականացվում են Միջազգային տիեզերակայանում: Գիտական այս փորձերը կարող են նպաստել նաև բժշկության ոլորտի զարգացմանը: Հետազոտողները համուզված են, որ նոր բացահայտումները կստեղծեն մեծ հնարավորություններ մարդկության զարգացման համար:

«Այսօր տիեզերքում առկա են բազմաթիվ հնարավորություններ: Մարսի ուսումնասիրությունը դրանցից մեկն է»,- ընդգծում է ձեռներեց Չադ Անդերսոնը:

Այս պահին ՆԱՍԱ-ն շարունակում է տիեզերքի ու մոլորակների ուսումնասիրությունները: Մեծ ուշադրություն է հատկացվում լուսնի ու Մարս մոլորակի հետազոտմանը, ուր ուղարկվում են տիեզերագնացների տարբեր խմբեր: Մասնավոր ընկերություններն աստիճանաբար ևս ընդգրկվում են տիեզերքի հետազոտման ոլորտում:

Facebook Forum

XS
SM
MD
LG