Մատչելի հղումներ

Փոմփեոն հանդիպել է Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն դրական է գնահատել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոնգ Չոլի հետ հանդիպումը Նյու Յորքում՝ կապված ամերիկա-հյուսիսկորեական գագաթաժողովի հետ: Բացի այդ, Փհենյան էր այցելել նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Նյու Յորքում աշխատանքային քննարկում է ունեցել Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոնգ Չոլի հետ: Հանդիպմանը հաջորդել են պետքարտուղարի այլ քննարկումներ այս հարցի շուրջ:

Անդրադառնալով պետքարտուղարի հանդիպմանը Փհենյանի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել հանդիպումը և հույս հայտնել, որ հունիսի 12-ի գագաթաժողովը Կիմ Ջոն Ընի հետ կկայանա նախատեսված ժամկետներում:

«Մեր պետքարտուղարը ունեցել է լավ հանդիպում: Նա այսօր շարունակում է իր հանդիպումները: Կարծում եմ ուրբաթ օրը նրանք կգան Վաշինգտոն՝ ինձ հասցեագրված Կիմ Ջոն Ընի նամակը փոխանցելու համար»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Կիմ Յոնգ Չոլը հյուսիսկորեական ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով վերջին 18 տարիներին այցելել է ԱՄՆ: Նա Հյուսիսային Կորեայի Կենտկոմի փոխնախագահն է, իսկ նախկինում ղեկավարել է երկրի հետախուզությունը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ապամիջուկայնացման բանակցությունները չեն վերաբերում ամերիկյան միջուկային ներուժին, մասնավորապես Հարավային Կորեայի շուրջ ամերիկյան պաշտպանական համակարգին, որը ներառում է նաև միջուկային զենքերով զինված զինատեսակներ:

Ըստ որոշ տեղեկությունների, Փհենյանն իր զինանոցում ունի տասից ավելի միջուկային զինատեսակներ:

Միևնույն ժամանակ, զուգահեռ նյույորքյան հանդիպումներին, Փհենյան էր ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով հանդիպել է իր պաշտոնակից Ռի Յոնգ Հոի հետ:

Այս այցը դիտարկվել է որպես Ռուսաստանի հերթական փորձ դիվանագիտական գործընթաց նախաձեռնելու ուղղությամբ և լսելի դարձնելու իր ձայնը Հյուսիսային Կորեայի հարցում:

Չնայած Փհենյանի հետ ունեցած ընդհանուր սահմանին ու որոշակի սիրալիր հարաբերություններին, Մոսկվան ընդհանուր առմամբ ակտիվորեն ներգրավված չէ Հյուսիսային Կորեայի հիմնախնդրում:

Facebook Forum

XS
SM
MD
LG