Մատչելի հղումներ

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովն ընթանում է առաջ


ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովն ընթանում է առաջ
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Վաշինգտոնը դեռեւս մտածում է անցկացնել հանդիպում ԱՄՆ-ի նախագահի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջեւ, թե ոչ։ Ամեն օր կամ մեծանում են, կամ՝ փոքրանում հանդիպման հնարավորությունները։

Դոնալդ Թրամփն անցած հինգշաբթի օրը անակնկալ մատուցեց աշխարհին, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընին հղեց հունիսին նախատեսված գագաթաժողովը չեղյալ հայտարարելու մասին նամակ։ Սակայն հաջորդ օրն իսկ թվիթերյան իր էջում գրեց, թե իր վարչակազմը ՝՝արդյունավետ բանակցություններ է անցկացնում Հյուսիսի հետ՝ գագաթաժողովն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Դրանից մեկ օր անց էլ շարունակեց միտքը՝ հայտարարելով, որ եթե հաջողություն գրանցվի Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու հարցում, այն մեծ ձեռքբերում կլինի Հյուսիսային Կորեայի համար, մեծ հաջողություն Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու ամբողջ աշխարհի համար։


Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը մայիսի 28-ին հայտարարեց, թե հանպատրաստից հանդիպումները Հյուսիսի առաջնորդի հետ շարունակվում են ու կշարունակվեն, քանի որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք չեն դադարեցրել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն էլ մայիսի 27-ին էր հայտարարել, որ ապառազմականացված գոտում հանդիպել են ԱՄՆ-ի ու Հյուսիսի պաշտոնատար մի շարք անձինք։ Հանդիպումը նախապատրաստող թիմի անդամները ճամփորդել են Սինգապուր, ուր նախատեսված է անցկացնել գագաթաժողովը։

Սակայն Վաշինգտոնում այս օրերին իրար են բախվում հանդիպման առնչությամբ իրարամերժ կարծիքներ։ Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն Հյուսիսի վրա մեծ ճնշում բանեցնելու կապակցությամբ գովեստով է խոսում Թրամփի մասին, սակայն չի հավատում, որ Հյուսիսը կգնա ապամիջուկայնացման։

՝՝ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը Հյուսիսի բռնակալն ուզում է օգտագործել աշխարհի բեմահարթակում իր դիրքը բարձրացնելու նպատակով՛՛։

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքը Հայդընի կարծիքով ավելի մեծ է հանդիպման, քան այն վերջնականապես չեղյալ հայտարարելու հնարավորությունը։

Սակայն հարցը միայն հանդիպումն անցկացնելու կամ չանցկացնելու մասին չէ։

՝՝Կիմ Ջոն Ընը միջուկային իր ծրագիրը գիտի ոտքից գլուխ։ Նա գիտի ինչ կարող է զիջել եւ ինչ չի կարող։ Եվ ես չգիտեմ Թրամփը որքան լավ է կատարել իր տնային աշխատանքը։ Պարզապես ուզում եմ հավատալ, որ կպահպանվեն բարձր չափանիշները՛՛, ասել է հետախուզության նախկին ղեկավարը։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի այսօրվա կեցվածքին, պետք է ասել, որ արտաքնապես այն տպավորությունն է, թե Փհենյանն ուզում է նստել դեմ առ դեմ ԱՄՆ-ի հետ եւ ամեն կերպ լուծում տալ խնդիրներին։


Առջեւում դեռ երկու շաբաթ կա։

XS
SM
MD
LG