Մատչելի հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան

Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:

Հարյուր տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:

«Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները: 100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների», - ասված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:

«Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում: Ուրեմն, եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Արցախի նախագահի ուղերձում, որ հրապարակված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես ասված է․ - «1918 թվականի մայիսյան հաղթանակները դարձան հայոց պետականության վերականգնման սկիզբը: Դարեր շարունակ հայ ժողովուրդը ենթարկվել է բռնությունների ու կոտորածների, անցել է բազում փորձությունների միջով, քանի որ չուներ պետականություն, ապրում էր օտարի լծի տակ:
Եվ չնայած Հայաստանի Առաջին Հանրապետությունը գոյատևեց կարճ ժամանակահատված, այնուամենայնիվ, նշանակալի է նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում քաջ հայորդիների սխրանքն ապացուցեց, որ հայը կարող է խուսափել կոտորածից, երբ հավատում է սեփական ուժերին, երբ զենք է վերցնում եւ պաշտպանում սեփական հողը, երբ միասնական է ու հաստատակամ: Մայր Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, միշտ վառ պահելով 1918-ի հերոսամարտերի ոգին, շարունակում են համատեղ ջանքերով պաշտպանել, զորացնել ու զարգացնել հայկական երկու հանրապետությունները, որպեսզի շենանա հայկական հողը եւ հայ ժողովրդի ապագան լինի հուսալի ու պայծառ»:

Այսօր տոնական միջոցառումներ են անցկացվում Հայաստանում և Արցախում: Հայաստանի ղեկավարները, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախագահը Սարդարապատի հուշահամալիրում էին, որտեղ տեղի ունեցավ զինվորական շքերթ, անցկացվում են այլ հանդիսություններ:

Շքերթն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում հայտարարեց, մասնավորապես, որ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը, և այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը:

«Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին, որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության, հավատի ու լավատեսության կորուստ», - ասաց Հայաստանի վարչապետը:

Առավոտյան, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի բաց խորանին կատարվել է Գոհաբանական մաղթանք մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ազատամարտիկներ և բազում հավատավոր հայորդիներ:

Արարողության ժամանակ իր խոսքում Վեհափառը մասնավորապես ասել է․ - «Այսօր, սիրելիներ, ոգեկոչում ենք հիշատակները մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման՝ արժևորելով, թե առ Աստված հավատքի և առ հայրենին սիրո ինչպիսի ուժ ու զորությամբ մեր ժողովուրդը փրկեց իր երկիրը՝ իր բնօրրանում ազատ ու ապահով կյանք կերտելու բաղձանքով: Մեր ժողովուրդը պատմության հազարամյակներում բազում հողմեր ու փոթորիկներ է տեսել: Բազում նվիրական հիշատակներ ունենք ծանր փորձություններից ու հարվածներից մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելու: Օրհասական պահերին մեր ժողովրդի դրսևորած վառ հայրենասիրության, կենաց ու մահու մարտերում ձեռք բերված հաղթանակների հիշատակներն այսօր զորացնում են մեզ մեր պետականությունը ամրապնդելու և հայրենիքը շենացնելու հանձնառության մեջ»:

«Հայրենասիրության և ազգասիրության նվիրական զգացումները, հայրենի պետականության շահերով առաջնորդվելու ձգտումը մեր ժողովրդի զավակները ամուր պահեցին նաև այս օրերին, քաղաքական ու հասարակական կյանքի նոր զարգացումների մեջ: Առկա խնդիրների հանդիման՝ մեր ժողովուրդն այսօր համակված է բարեփոխումներ իրականացնելու աննվազ վճռականությամբ ու նաև ձգտումով՝ շարունակելու հաստատել մեր երկրի ընթացքը խաղաղության, օրինահարգության, առաջադիմության շավիղներում: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ քաղաքական փոփոխությունները մեր երկրում իրականացվեցին խաղաղ և օրինական ճանապարհով: Արդարև, առաջին քրիստոնյա պետությանը վայել է բերել օրինակը համերաշխության, եղբայրսիրության, որն առավել համախմբում է հասարակությանը՝ ի շահ առաջընթացի նպատակների իրագործման», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա տոնական համերգ, նաև՝ հրավառություն:

Հոբելյանական հանդիսություններին մասնակցում են նաև օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, հյուրեր:

Հոբելյանական տարում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, համաժողովներ, մշակութային հանդիսություններ:

XS
SM
MD
LG