ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը փորձում է պարզել, թե արդյոք եղել է քաղաքական որեւէ դրդապատճառ, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ սկսել էր հետաքննել 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը։
Նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով, մեծաթիվ մարդիկ են ասում, որ նախագահական իր ընտրարշավի ընթացքում ունեցել են իրենց լրտեսներին։ ՝՝Իսկ եթե իրոք ունեցել են, ուրեմն ամոթ է այս երկրի համար՛՛, ասել է նա։
Թրամփը պահանջում է, որ երկրի արդարադատության նախարարությունը սկսի հետաքննություն այդ ուղղությամբ ու այդ կերպ փորձում է ստվեր նետել այն հետաքննության վրա, որի նպատակն է պարզել, թե արդյոք իր թիմը ընտրարշավի ընթացքում գաղտնի հանդիպումներ է ունեցել ռուսների հետ։
՝՝Մենք այսօր ունենք զբաղվածության ամենաբարձր ցուցանիշները, սակայն շարունակում ենք լսել ռուսների հետ կապված վհուկաորսի մասին՛՛, բողոքում է Թրամփը։
Ռուսաստանի հարցով հետաքննությունը պախարակելու գործընթացն ավելի սրվեց, երբ նախագահի իրավական հարցերով թիմին միացավ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդի Ջուլիանին, գործիչ, ում խոսքերով Թրամփը լիովին անմեղ է։
՝՝Չկա մի մարդ աշխարհում, որը կարծեր, թե նա մեղավոր է ռուսների հետ գաղտնի հանդիպումների մեջ՛՛, ասել է Ջուլիանին։
Քաղաքական վերլուծաբաններից Դեյվիդ Աբրահամի խոսքերով, ՝՝Գործում է մի ռազմավարություն, որի նպատակն է այս ներկայացումը պահպանել հեռուստատեսային հաղորդումների մակարդակի վրա, այլ ոչ թե տեղափոխել դեպի դատարան։ Չէ որ դատարանը կարող է ունենալ իրավական խիստ հետեւանքներ՛՛։
Ջուլիանին հույս ունի, որ հետաքննությունը կավարտվի սեպտեմբերին։ Սակայն գլխավոր հետաքննիչ Մյուլերն այս մասին դեռեւս ոչինչ չի ասում։ Նա չի ասում նաեւ, թե արդյոք նախագահը կհամաձայնի հետաքննության շրջանակներում ենթարկվել հարցաքննության, թե ոչ։