Մատչելի հղումներ

 
ՀՀ վարչապետի տիկինը կլինի բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում

ՀՀ վարչապետի տիկինը կլինի բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում


Լուսանկարը՝ Արմենպրեսի
Լուսանկարը՝ Արմենպրեսի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով մայիսի 22-ին տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Ներկաները ուրախությամբ հայտնել են նաեւ, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է: Ներկաները վերահաստատել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն կերպով շարունակելու համար բոլոր ուժերը և հնարավորությունները համախմբելու իրենց պատրաստակամությունը:

Ինչպես հաղորդում է ՝՝Արմենպրես՝՝-ը, այս նպատակով նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կկոորդինացնի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս առումով առաջարկ է եղել Աննա Հակոբյանին՝ ներգրավվել հոգաբարձուների խորհրդի կազմում:

Տիկին Աննա Հակոբյանը սիրով տվել է իր համաձայնությունը և համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը բաց է լինելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ համագործակցության համար և գործելու է բացառապես թափանցիկ և համակարգված:

XS
SM
MD
LG