Մատչելի հղումներ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը` Հայաստանում


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը` հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն եւ հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձեւաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորել է հնչած առաջարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում եւ միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել եւ աջակցելու է Հայաստանին:

Հանդիպմանը կողմերը կարեւորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են եւ մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:

Ազգային ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Կիպրոսի խորհրդարանի խոսնակը, անդրադառնալով Հայաստանում վերջին ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ հարցին, ընդգծել է, որ Կիպրոսի համար Հայաստանը մեկն է: «Մենք Հայաստանի հետ համագործակցության այլ մոտեցումներ ունենք: Այս հարցում մենք կուսակցական մոտեցումներ չունենք»,- ասել է նա:

Նա հավելել է, որ Կիպրոսը ցանկանում է տեսնել ուժեղ Հայաստան, որի հիմքում կլինի Հայաստանի հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին ու նրա պատվիրակությանը նույն օրն ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են:

XS
SM
MD
LG