Մատչելի հղումներ

Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են մի շարք հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 18-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և փոխանցել՝ ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ Հայաստանին նախանշված նպատակների իրականացման օժանդակելու գործում:

«Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության և հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում»,- ասել է Ռիչարդ Միլսը: Վարչապետ Փաշինյանը և դեսպան Նիլսը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային խնդիրներին, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:

XS
SM
MD
LG