Մատչելի հղումներ

Ժողովրդավար Հայաստանի ապագան՝ Ռուսաստանի հե՞տ


Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը.

«Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան եւ երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»:

Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երեւանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որեւէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը.

«Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլեւս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»:

Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր.

«Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Պաշինյանն իր առջեւ դրել էր»:

Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաեւ Արեւմուտքը, ընդգծում է վերլուծաբանը.

«Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG