ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանրապետական կոնգրեսականներ առաջ են քաշել նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը՝ 2019 թվականի Նոբելյան մրցանակ ստանալու համար՝ կապված կորեական թերակղզում խաղաղության հաստատման ջանքերի հետ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինն աջակցել է այս նախաձեռնությունը: Նախագահ Թրամփն այս առիթով հայտարարել է.
«Նոբելյան մրցանա՞կ: Կարծում եմ նախագահ Մունի այդ առաջարկը չափազանց հաճելի էր, սակայն ես ցանկանում եմ միայն, որ հաստատվի խաղաղություն: Դա ամենակարևորն է»,- արձագանքել է Թրամփը:
Թրամփի քննադատները սակայն կասկածի տակ են առնում նախագահի խաղաղության հաստատման ցանկությունը՝ ընդգծելով, որ նա մեծացրել է ամերիկյան ռազմական ծախսերը և չի բացառում խնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
Իր հերթին Նոբելյան մրցանակի տրամադրման կողմնակիցները հակադարձում են:
«Եթե նախագահ Թրամփը կարողանա ավարտին հասցնել 70 տարի տևող Կորեական պատերազմը և Հյուսիսային Կորեային ստիպի ապամիջուկայնացվել, ապա նա արժանի է խաղաղության Նոբելյան մրացանակի»,- հայտարարել է սենատոր Լինդսի Գրահամը:
Այս պահին դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Թրամփին կհաջողվի վերջնականապես կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը: Նախկինում սակայն խնդրի վերջնական կարգավորման բացակայությունը չի խոչընդոտել այլ գործիչներին խաղաղության մրցանակ ստանալու հարցում: Նման գործիչների թվում են եղել Վիետնամի պատերազմի օրերին Լե Դիք Թխոն և Հենրի Քիսենջերը, ինչպես նաև Յասեր Արաֆատը, Իցխաք Ռաբինն ու Շիմոն Փերեսը:
Բացի այդ, պատմությանը հայտնի են առաջադրված այնպիսի գործիչներ, որոնց ներդրումը խաղաղության հաստատման հարցում չափազանց հակասական է: Նրանց թվում է Արգենտինայի նախագահ Խուան Փերոնը, Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինին և խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինը:
2018 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբեր ամսին:
Facebook Forum