Հունիսի 12-ին կայանալիք ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովից առաջ, պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե Հյուսիսային Կորեան ամբողջապես ապամիջուկայնացվի, ապա Վաշինգտոնը կտրամադրի անվտանգության երաշխիքներ Հյուսիսային Կորեայի իշխանություններին:
Նա կարևորել է Հյուսիսային Կորեայի հետ ճգնաժամում նախագահ Դոնալդ Թրամփի վճռականությունը և ընդգծել, որ Փհենյանում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ իր հանդիպումների ընթացքում նա համոզվել է, որ Կիմ Ջոն Ընը հետապնդում է նույն նպատակները, ինչ ամերիկյան կողմը:
Պոմպեոն նշել է, որ հունիսի 12-ի Սինգապուրի գագաթաժողովի հիմնական նպատակն է ապամիջուկայնացման շուրջ վերջնական համաձայնության հաստատումը: Սակայն նա ընդգծել է, որ տարիների բանակցությունները ցույց են տալիս, որ Փհենյանը միշտ չէ, որ պահում է իր խոստումները: Պոմպեոն հույս է հայտնել, որ այս անգամ իրենք կունենան այլ պատկեր՝ նշելով, որ ամերիկյան մասնավոր ներդրումները կարող են օգնել Փհենյանին էներգետիկ ոլորտի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի ենթակառուցվածքները զարգացնելու հարցերում: Դրա հիմնական նախապայմանն է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը:
Սակայն CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը բացառել է ԱՄՆ-ի կողմից Փհենյանին տնտեսական ուղիղ օգնության ցուցաբերման հնարավորությունը:
Իր հերթին Փհենյանը հայտարարել է, որ դադարեցնում է միջուկային փորձարկումները և թույլ կտա միջազգային դիտորդներին՝ հետևելու, թե ինչպես են Փհենյանի իշխանությունները վերացնում միջուկային փորձարկումների կայանները:
Facebook Forum