Մատչելի հղումներ

Անցած շաբաթվա ամփոփում


Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Այս և հեղափոխության հետ կապված այլ զարգացումներին են անդրադարձել մի շարք գործիչներ և վերլուծաբաններ։

Անցած շաբաթ հայաստանյան ներքաղաքական գործընթացները շարունակել են մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Այս զարգացումներին են անդրադարձել մի շարք փորձագետներ, քաղաքական վերլուծաբաններ ու գործիչներ:

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը 59 կողմ ձայների մեծամասնությամբ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետի պաշտոնում, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի բազմաթիվ համայնքներում:

«Հայկական հեղափոխություն էր: Նման բան չի եղել աշխարհում»,- ասում է «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Սակայն մեկնաբաններից շատերը ընդգծում են, որ հեղափոխությունն այսքանով դեռևս չի ավարտվել: Այն դեռ ընթացքի մեջ է և իր առջև ունի մի շարք կարևոր հիմնախնդիրներ:

«Իմ կարծիքով հեղափոխությունը դեռ չի հաղթել: Այն կհաղթի այն ժամանակ, երբ տեղի ունենան վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները և կընտրվի ժողովրդի կամքը արտահայտող նոր կառավարություն ու իշխանություններ»,- նշում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Հեղափոխությունը նոր է սկսվում: Տեղի ունեցավ իշխանափոխություն, իսկ այժմ պետք է լինի մտածողության, մոտեցումների, գործելաոճի հեղափոխություն, և հանուն դրա էր այս ամեն ինչը»,- նշում է Գորգիսյանը:

Հեղափոխության հաղթանակի արդյունքում Հայաստանում իշխանության եկած ուժերի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին ասպարեզներում: Ներքաղաքական կարևոր հիմնահարցերի շարքում են պետական համակարգի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումն ու սոցիալական արդարության վերականգնումը: Այս և նմանատիպ մի շարք այլ հիմնահարցեր վարչապետ Փաշինյանի ու նրա թիմի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից են ընտրական նոր համակարգի ձևավորման հետ մեկտեղ:

«Փաշինյանի ունեցած հանրային բարձր վարկանիշը կօգնի նրան ավելի արագ իրականացնել իր ներքաղաքական օրակարգը։ Մյուս կողմից արտաքին քաղաքական օրակարգը ավելի դանդաղ գործընթաց է, քանի որ ներքաղաքական հարցերում ավելի քիչ են ազդեցիկ գործոնները: Սակայն չպետք է շտապել և դիմել ծայրահեղ բոլշևիկյան մեթոդների»,- ասում է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:

«Ունենք դեռևս հակապետական կառավարման համակարգ, որը պետք է փոխվի: Ունենք մարտահրավերներ, որոնք կարող ենք հաղթահարել համաժողովրդական պայքարով»,- ընդգծում է Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արտաքին քաղաքականության ոլորտում ևս նոր իշխանությունների առջև առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Վարչապետի ընտրության օրը Հայաստանի խորհրդարանում ունեցած իր ելույթում, ինչպես նաև հեղափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր վարչապետ նշանակվելու պարագայում Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ կտրուկ շրջադարձ չի արձանագրի:

Հայաստանի պետականության արտաքին քաղաքական ամենամեծ մարտահրավերներից շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտությունը: Զարմանալի չէր, որ իր առաջին այցելությունը վարչապետի պաշտոնում Փաշինյանը կատարեց դեպի Ստեփանակերտ, ուր հանդիպեց տեղի ղեկավարույան հետ ու հանդես եկավ մի շարք հուշագրավ հայտարարություններով ղարաբաղյան հակամարտության հետագա ընթացքի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բանակցել իր անունից, իսկ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի հանրապետությունն ի դեմս իր նախագահի»,- հայտարարել է վարչապետը:

Փաշինյանն արձանագրել է, որ փոխզիջումների մասին հնարավոր է խոսել միայն, եթե Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Փորձագետների կարծիքով Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումն իր ազդեցությունը կթողի բանակցային գործընթացի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG