Մատչելի հղումներ

Լիբանանում անցան 2009 թվականից ի վեր առաջին ընտրությունները խորհրդարան


Լիբանանում անցան 2009 թվականից ի վեր առաջին խորհրդարանական ընտրությունները: Քաղաքական կուսակցությունները մեծ ոգևորությամբ ընդունեցին դրանք, սակայն որոշ քաղաքացիներ չունեն շատ սպասելիքներ:

Կիրակի օրը Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունները մեծ ոգևորությամբ ընդունվեցին հանրության կողմից, ներառյալ Հեզբոլահ ռազմականացած խմբավորման, շիաների Ամալ շարժման և երկրի սունի վարչապետի գլխավորած Ապագա շարժման կողմնակիցների շրջանում:

Երկրում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել 2009 թվականից ի վեր Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով: Այս ընտրությունները որոշակի փոփոխություններ են նախատեսում երկրի կրոնահամայնքային կառավարման համակարգում:

«Սա բացառիկ ազգային օր է, և շատ ուրախալի է, որ մենք որպես Լիբանանի քաղաքացիներ այսօր կարող ենք արտահայտել մեր կարծիքը: Երկար ժամանակ է զրկված էինք այդ իրավունքից»,- նշում է ընտրողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Այդուհանդերձ շատերը չեն մասնակցել ընտրություններին՝ պատճառաբանելով, որ դրանք ոչինչ չեն փոխի։

«Նույն մարդիկ են, այլ անուններով: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մասնակցել, ապա նրա փոխարեն առաջադրվում է կամ նրա որդին կամ թոռը կամ էլ նրա եղբայրը»,- ասում է լիբանանցի Մուհամեդ Մերհին:

Մեկ այլ ընտրող էլ կասկած է հայտնում, որ Լիբանանում հնարվոր է հեռանալ կրոնահամայնքային կառավարման համակարգից:

«Դրա վկայությունն այն է, որ փորձ եղավ անցկացնել քաղաքացիական ամուսնության վերաբերյալ օրենք, որը սակայն տապալվեց: Կրոնականները արգելափակեցին այն: Նրանք ցանկանում են պահպանել կրոնական պետական համակարգը»,- ասում է ընտրող Վալիդ Մոուկասան:

Ավելի քան 500 թեկնածուներ մասնակցում են 128 տեղանոց խորհրդարանի ընտրություններին: Այն հավասարապես բաժանված է քրիստոնյաների ու մահմեդականների միջև:

Facebook Forum

XS
SM
MD
LG