ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ մայիսի 7-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում ելույթով հանդես կգա ՝՝System of a Down՛՛ աշխարհահռչակ ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը: Տեղեկությունը մեծ ոգևորություն է առաջացրել հայ հանրության շրջանում ու սոցիալական ցանցերում, ուր լուրեր էին տարածվում, որ երաժիշտը համերգ կտա Հանրապետության հրապարակում:
Սակայն Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջի միջոցով հերքել է Երևանում համերգի մասին տարածվող լուրերը: Հիշեցնենք, որ հայկական թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից երաժիշտն իր աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը և խոստացել առաջին հնարավորության պարագայում այցելել Հայաստան:
Հիշեցնենք նաև, որ System of Down-ը 2015 թվականի ապրիլի 23-ին անվճար մեծ համերգ էր կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Բացի այդ, Թանկյանը վերջին անգամ Հայաստան էր ժամանել անցած տարվա հոկտեմբերին CNN հեռուստաընկերության թիմի ուղեկցությամբ, որի արդյունքում հեռուստաընկերությունը ծավալուն տեսանյութ էր պատրաստել այցի մասին:
Թանկյանի այցի ու Երևանում հանրահավաքին մասնակցելու կապակցությամբ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ այդ օրն ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական մեքենաները կհերթապահեն Հանրապետության հրապարակում: Բացի այդ, նախարարությունը հորդորում է հանրահավաքի մասնակիցներին պահպանել զգուշությունը և տրամադրում անվտանգության միջոցների պահպանման վերաբերյալ մի շարք խորհուրդներ:
Facebook Forum