ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան գրել է. ‘’Նախորդ վարչակազմը երկար ժամանակ էր խնդրում, որ Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարից ազատ արձակվեին երեք պատանդները, սակայն խնդրում էր ապարդյուն’’: Թրամփի այս գրառումը հայտնվեց նրա թվիրթերյան էջում, երբ տեղեկություններ ստացվեցին, որ ամերիկացի երեք կալանվորները աշխատանքային ճամբարից տեղափոխվել են Փհենյանի հյուրանոցներից մեկը:
Սա տեղի է ունենում ԱՄՆ-ի նախագահի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջեւ հնարավոր հանդիպումից առաջ:
Պետդեպարտամենտում որպես երկրի պետքարտուղար իր երդման արարողության ժամանակ Մայք Փոմփեոն, որը Փհենյանում մեկ ամիս առաջ էր հանդիպել Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոն Ընին, հայտարարեց, թե կա Կորեական թերակղզում պատմության ընթացքը փոխելու աննախադեպ հնարավորություն:
Սակայն Պետդեպարտամենտը նաեւ խորը մտահոգություն է հայտնում Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքները ոտնահարվելու կապակցությամբ եւ այս երկիրը համարում աշխարհում այս առումով ամենամեծ խնդիրներն ունեցող երկիրը:
Միջազգային հարցերի խումբ անվանումը կրող կազմակերպության տնօրեն Քեն Գոսի խոսքերով, Փոմփեոյի հայտարարությունը փաստորեն բանակցությունների նախաբան կարելի է համարել:
Ինչ վերաբերում է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի կողմից Հյուսիսային Կորեա կատարած այցին, վերլուծաբանն ասում է, թե դա ապացուցում է, որ Պեկինը մտահոգված է այն հանգամանքով, որ չունի որեւէ դեր Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու սպասվելիք համաձայնագրում, համաձայնագիր, որի համաձայն ամերիկյան ուժերը կարող են մնալ այստեղ:
Չինաստանի պետական ‘’Գլոբալ Թայմս’’ օրաթերթը գրել է, թե ապամիջուկայնացման համաձայնագրում Չինաստանի դերը պարտադիր է: