ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ներկա էր պետքարտուղարի պաշտոնում Մայք Փոմփեոյի երդման արարողությանը, որն ասաց, թե հավատում է, որ Ամերիկան կհպարտանա իր գլխավոր դիվանագետով:
Երդման արարողությունից հետո Փոմփեոն հայտարարեց, թե բացվել է Կորեական թերակղու պատմության ընթացքում շրջադարձ կատարելու աննախադեպ հնարավորություն: Նա նախազգուշացրեց նաեւ, որ չպետք է կրկնվեն անցյալի սխալները: ‘’Մենք ուզում ենք, որ անշրջելի կերպով ապասարքավորվեն Հյուսիսային Կորեայի զանգվածային բնաջնջման զենքերի ծրագրերը, եւ ուզում ենք, որ դա տեղի ունենա առանց հապաղելու’’:
Փոմփեոյի հետ Թրամփի ակնհայտ ջերմ հարաբերությունները նոր պետքարտուղարին կտան իր նախորդի’ Ռեքս Թիլերսոնի համեմատ արտոնություններ: Այս մասին են ասում վերլուծաբանները:
‘’Ժառանգություն’’ հիմնադրամից Նայլ Գարդիների խոսքերով, ‘’Այդ սերտ հարաբերությունները կունենան մեծ ներգործություն: Եվ դա իմ մեծ ներգործությունը կունենա նախագահի արտաքին քաղաքականությունը ձեւավորելու ընթացքի վրա’’:
Ատլանտյան խորհրդից Մարկ Սիմակովսկիի խոսքերով էլ Փոմփեոն ճշմարտությունը կասի իր ղեկավարությանը: ‘’Նա մեկն է, ում նախագահը վստահում է, մեկն է, որը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում հարգանքով է վերաբերվել նախագահին’’:
Իսկ Պետդեպարտամենտի դիվանագետներն ու աշխատակազմի մյուս անդամներն էլ հույս ունեն, որ Փոմփեոն շուտով կլրացնի ավագ պաշտոնատար անձանց ու աշխարհի մի շարք երկրներում Ամերիկայի դեսպանություններում թափուր տեղերը: