Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետի ընտրության շուրջ քննարկումները շարունակվում են


ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում փոխզիջման տարբերակը քննարկելի է համարում միայն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման պատրաստակամությունից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ընթացող քննարկումների ժամանակ, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի այն հարցին, թե ինչպես է տեսնում փոխզիջում ասվածը, ինչ է հասկանում փոխզիջում ասելով, եթե մտադիր է ներկայացնել երկիրը բանակցային գործընթացում, նշեց, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որևէ տեղ չի թողնում խոսելու որևէ փոխզիջման մասին: ««Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին»,-ասաց Փաշինյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: «Պարոն Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուք, ինձ չհամոզեցիք, ես ձեզ չեմ տեսնում գերագույն-գլխավոր հրամանատարի դերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ այսօր ընտրում են, ոչ թե համաժողովրդական տրիբուն, այլ գործադիրի ղեկավար, որը նախ և առաջ պետք է աչքի ընկնի քաղաքական քայլերի կանխատեսելիությամբ և քաղաքական հստակ գաղափարախոսությամբ: «Լինել կանխատեսելի, նշանակում է լինել հետևողական և անփոփոխ: Ձեր ընտրվելու պարագայում ո՞վ է լինելու ձեր կառավարության առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, պաշտպանության նախարարը, ֆինանսների նախարարը, ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: Ովքե՞ր, պատասխան չկա»,- նշեց նա:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չներկայացրեց որևէ հայեցակարգ Արցախյան հիմնահարցում: «Դուք որևէ հայեցակարգ չներկայացրիք, ինչպե՞ս եք բանակցելու, ո՞րն է ձեր փոխզիջումների գինը, պատրա՞ստ եք փոխզիջումների, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու 7 ազատագրված տարածքների ճակատագիրը: Ասում եք կավելացնեք ռազմական բյուջեն: Լավ է, որ ուզում եք, բայց ինչպե՞ս: Ես այդ հարցի պատասխանը չստացա»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ վարչապետի ընտրության շուրջ քննարկումները շարունակվում են։

XS
SM
MD
LG