Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հարցեր են ուղղում խորհրդարանի անդամները։ Փաշինյանը վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Նրա խոսքերով, այդ դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ «Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից»: «Մենք ասել ենք, որ այս շարժման արդյունքում իշխանության եկել է ժողովուրդը, և ժողովուրդը, շարժման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառում, որևէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Մենք պարտավոր ենք հաշվի նստել ժողովրդի այս ուղերձի հետ»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանին իրենք համարել և համարում են ռազմավարական դաշնակից, իսկ համաժողովրդական շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում:
Պատասխանելով սոցիալական ոլորտին վերաբերող հարցին՝ վարչապետի թեկնածուն ասաց, թե «Աղքատության հետ կապված կա պարզ լուծում. մենք ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որը պատրաստ է, ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն և ավելի կարիքները: Ակնհայտ է, որ այսօր տեղի ունեցող փոփոխությունների պատճառներից մեկն էլ այն է, որ հայաստանցիները հասկացել են, որ խնդրի լուծման համար այլևս չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ և հարկավոր են փոփոխություններ»։
Փաշինյանի խոսքերով, Հայաստանի տնտեսությանը սպասում է թռիչքաձև զարգացում ոչ թե կառավարության ֆոկուսի, կախարդական փայտիկի, այլ՝ հստակ հայկական Սփյուռքից ներդրումների ներհոսքի հաշվին: ՝՝Մեզ սպասվում է բյուջետային եկամուտների էական մեծացում, ինչն էլ իր հերթին բերելու է աշխատատեղերի բացման, կենսաթոշակների ավելացման և աղքատության կրճատման: Իհարկե, ես հիմա չեմ կարող ասել, թե մինչև քանի տոկոս կիջնի աղքատությունը, բայց ես համոզված եմ, որ աղքատությունը որպես խնդիր Հայաստանի Հանրապետությունում հաղթահարելի է»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:
Ազգային ժողովում քննարկումները շարունակվում են։ Այս ընթացքում շարունակվում է բազմահազարանոց հանրահավաքը Երեւանի Հանրապետության հրապարակում։