Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը կարեւորում է իսրայելապաղեստինյան խնդրի լուծումը


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե Մերձավոր Արեւելքի հակամարտության լուծումը մնում է որպես ԱՄՆ-ի առաջնահերթություն եւ հավատացած է, որ իսրայելապաղեստինյան խնդրի լուծումը կախված է խաղաղության բանակցությունների վերսկսումից:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, որը նրա շրջագայության վերջին կետն էր, ԱՄՆ-ի պետքարտուղարը պաղեստինցիներին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ խաղաղության գործընթացը մտավ փակուղի, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբեր ամսին հայտարարեց ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին` առաջ բերելով բողոքի մեծ ալիք արաբական աշխարհում: Պաղեստինցիները, որոնք արեւելյալ Երուսաղեմը համարում են իրենց ապագա, անկախ պետության մայրաքաղաք, դրանից հետո բոյկոտեցին բանակցությունները:

Փոմփեոն, որն այս այցի ընթացքում չի հանդիպել պաղեստինցիների առաջնորդներին, կողմ է արտահայտվել մայիսի 14-ին դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշմանը:
Փոմփեոն նաեւ պաշտպանել է Գազայի գոտու հետ սահմանի վրա ամենշաբաթյա բողոքի ցույցերի ժամանակ մահաբեր զենք կիրառելու Իսրայելի քայլը, ինչի արդյունքում անցյալ ամիս 40 պաղեստինցիներ զոհվեցին:

‘’Մենք գտնում ենք, որ Իսրայելն ունի իրեն պաշտպանելու իրավունք եւ մենք լիովին աջակցում ենք այդ քայլը’’, ասել է նա:

Իսրայելը հայտարարել է, թե սահմանային ցանկապատից անցնելու ‘’պաղեստինցիների ամբոխի’’ փորձերն Իսրայելը չի հանդուրժելու:

Սակայն ՄԱԿ-ը, Եվրոպական միությունը եւ մարդու իրավունքների պաշտպան խմբերը դատապարտել են Իսրայելին` ավելորդ ուժ կիրառելու համար:

XS
SM
MD
LG