Մատչելի հղումներ

Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման դեպքում Փհենյանը կհրաժարվի միջուկային զենքից


Պեկինը հայտարարել է, որ մայիսի 2-3-ը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին կայցելի Հյուսիսային Կորեա՝ Փհենյանում իր հյուսիսկորեական գործընկերոջ հետ հանդիպելու համար: Հայտարարությունը չի ընդգրկել այլ մանրամասներ:

Կիրակի օրը Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Յուն Յոնգ Չանը հայտնել է, որ Փհենյանը պատրաստվում է ամերիկյան և հարավկորեական փորձագետների և լրագրողների խումբ հրավիրել իր մոտ՝ միջուկային փորձարկումների դադարեցումը արձանագրելու համար:

Խոսնակը մեջբերել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի խոսքերը, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման պարագայում միջուկային զենք ունենալու կարիքը վերանում է:

«Կիմ Ջոն Ընն ասել է, որ եթե ԱՄՆ-ը բանակցի մեզ հետ, ապա իրենք կգիտակցեն, որ նա այնպիսի գործիչ չէ, ով ցանկանում է միջուկային հրթիռներ արձակել դեպի Հարավային Կորեա և Խաղաղ Օվկիանոս: Կիմը նաև ասել է, որ Հյուսիսային Կորեային միջուկային զենքն անհրաժեշտ չէ, եթե այն մշտական կապ հաստատի Միացյալ Նահանգների հետ, կառուցի փոխվստահելի հարաբերություններ և հասնի համաձայնության՝ պատերազմը դադարեցնելու ու ոչ ագրեսիվ քաղաքականություն որդեգրելու համար»,- նշել է խոսնակը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հերթին նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ գագաթաժողովի հավանական արդյունքը կլինի այն, որ Փհենյանն ազատ կարձակի այնտեղ կալանքի տակ գտնվող երեք ամերիկացիներին և կհամաձայնվի մեկընդմիշտ և հիմնովին դադարեցնել իր միջուկային ծրագիրը:

Պոմպեոն խուսափեց հանդիպումից առաջ որևէ խոստումներ տալ տնտեսական պատժամիջոցների թուլացման կապակցությամբ և նշեց, որ եթե Թրամփ-Կիմ հանդիպումը տապալվի, Վաշինգտոնը թույլ չի տա Փհենյանին շարունակել ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքների հնչեցումը:

Իր հերթին Սեուլը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան դիտարկում է վերանայել իր ժամանակային գոտին և այն համապատասխանեցնել Հարավային Կորեային: Երկու Կորեաների միջև այս պահին առկա է 30 րոպեանոց տարբերություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG