Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախապատրաստվում է վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները


ԱՄՆ-ը նախապատրաստվում է վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները
please wait

No media source currently available

0:00 0:02:05 0:00

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նոր ղեկավար Մայք Փոմփեոն դաշնակից երկրներին հայտնել է Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից գերիշխանություն հաստատելու եւ այս երկրի միջուկային նկրտումների նկատմամբ ԱՄՆ-ի մտահոգությունը: Նա նաեւ հայտնել է Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրսբերելու մտադրությունը:

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ նախագահ Թրամփն իր տեսակետը շատ հստակ է ներկայացրել, ասել է Փոմփեոն Իրանի միջուկային պայմանագրի մասին խոսելով: ‘’Նախագահը հրահանգել է վարչակազմին ուղղումներ մտցնել պայմանագրի մեջ: Սակայն եթե դա անել չհաջողվի, մենք գործարքից ընդհանրապես դուրս կգանք’’, ասել է Փոմփեոն:

Գործարքի շուրջ բանակցությունները սկսվելուց ի վեր Իսրայելը շարունակ դեմ է եղել դրան, եւ այսօր վարչապետ Բենյամին Նեթանյահուն գովեստով է խոսում Թրամփի որոշման մասին: Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. ‘’Մարդիկ կարծում էին, որ միջուկային գործարք կնքելով, Իրանի ագրեսիան կչափավորվեր, սակայն փաստերը ցույց տվեցին հակառակը, եւ Իրանը փորձում է կուլ տալ մեկ երկիր մյուսի հետեւից: Իրանին պետք է կանգնեցնել: Պետք է կանգնեցնել նրա միջուկային ձգտումները: Մենք հաստատակամ ենք դա անելու հարցում’’:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը դատապարտում է Իրանին ‘’ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու եւ զինյալ խմբերին ու ահաբեկիչներին աջակցելու’’ մեջ:
Նրա խոսքերով, ‘’Եմենում Իրանը շարունակում է աջակցել բռնությունների դիմող հութի ապստամբներին, ռազմական սարքավորումներ տրամադրում, ֆինանսավորում եւ մարզում նրանց: Իսկ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի ոտնահարում է’’:

Իրանը մինչ այժմ կարծես հավատարիմ է մնացել միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին եւ պնդում է, որ չի ընդունի պայմանագրում որեւէ փոփոխություն: Այս հարցի շուրջ շաբաթ օրը քննարկումներ են անցկացրել Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները: Իրանի արտգործնախարարը մեղադրում է Թրամփին միջազգային պայմանավորվածությունն անտեսելու մեջ:

‘’Բացի այն, ասել է Մոհամմեդ Զարիֆը, որ նա չի հարգում իր պարտավորութունները, նաեւ առաջ է քաշում նոր ու ոչ համաչափ փոփոխություններ իրականացնելու առաջարկներ, որոնք հակասում են Իրանի ժողովրդի շահերին’’:

Եթե Թրամփը մինչեւ մայիսի 12-ը չվերահաստատի պայմանագիրը, ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները:
Եվ Մայք Փոմփեոն այս պատժամիջոցները վերսկսելու հարցով միասնության կոչ էր անում Մերձավոր Արեւելք կատարած իր ուղեւորության ընթացքում:

XS
SM
MD
LG