Մատչելի հղումներ

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պատասխանները ՀՀԿ խմբակցության անդամների հարցերին


Ապրիլի 30-ին անցկացվեց հանդիպում ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների միջեւ:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը պատասխանեց կառավարող կուսակցության մի շարք հարցերի: Հանրապետականներին հիմնականում հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք փոփոխություններ են տեղի ունեցել ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի եւ վարչապետի թեկնածու Փաշինյանի դիրքորոշումներում:

Պատասխանելով Զինապարտության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իր նախկին դիրքորոշմանը, Փաշինյանն ասաց. «Կային գաղափարներ, և կշարունակենք այդ գաղափարները քննարկել, վերլուծել ու այդ գաղափարների ռացիոնալ հատվածին լուծումներ տալ: Իրողությունների հետ պետք է հաշվի նստել, բոլոր ոլորտներում մենք ցնցումային ճանապարհով փոփոխություններ չենք կարող անել, գնալու ենք կառուցողական փոփոխությունների ճանապարհով»:


Նրա խոսքերով, կան իրողություններ, որոնք պետք է փոխվեն: Իսկ փոփոխությունները դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն ‘’նախապատրաստված, մտածված ու պլանավորված’’:

ՀՀԿ պատգամավորներին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչ դիրքորոշում հիմա ունի Փաշինյանը Եվրատնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին, երբ նախկինում վերջինս հորդորում էր դուրս բերել Հայաստանն այդ պայմանագրից:

«Ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանն Եվրասիական տնտեսական միությանը: Բայց, այնուամեյնանիվ, Հայաստանը Եվրասիական տնտեսության անդամ է, և մենք՝ լինելով քաղաքական ու պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ: Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ու պետական գործիչ, ելնելով Հայաստանի ազգային շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի: Եվ կարծում եմ ու բազմիցս ասել եմ նախկինում, այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործունեության շրջանում, հենց նախկին գումարմար ազգային ժողովում, երբ որ ԵՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, ես ինքս դեմ եմ քվեարկել այդ նախագծին ու պատճառաբանությունն եղել է հետևյալը՝ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար»:

Հարց եղավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին: ՀՀԿ-ի կողմից եղավ հիշեցում, որ Փաշինյանը քննադատել է իշխանություններին «Նաիրիտ»-ի վերագործակման հետ կապված սխալ քաղաքականություն վարելու համար:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Փաշինյանն ասաց, որ ըստ իրեն՝ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:

«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու՝ առաջին հերթին հենց հայկական շրջանակներից»,- ասաց նա:

Կառավարության ապագա կազմի մասին ՀՀԿ-ի կողմից ներկայացված հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր կստանա»: Փոխվարչապետերի ու նախարարների թեկնածուների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց, որ նախ պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող.

Փաշինյանը նշեց նաեւ, որ ունեն իրենց կադրերը, մինչդեռ բոլորովին էլ նպատակ չունեն իրականացնել «կադրային ջարդ»:

Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ նոր կառավարության ձևավորումը պետք է լինի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք: « Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի հաստատումն է: Մեր նպատակը չէ ստեղծել իրավիճակ, որ հանրության մի մասը արձանագրի, որ հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Կառավարության ապագա կազմը կձևավորվի կախված նրանից, թե վաղվա քվեարկությունն ինչպիսի քաղաքական պատկեր ցույց կտա: Չեմ ուզում անել հավակնոտ հայտարարություններ, բայց մեր ձգտումը պետք է լինի համաձայնության կառավարություն ձևավորելը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորներին խնդրեց հուսահատություն չսերմանել քաղաքացիների շրջանում. Նա մասնավորպես նշեց. «Եթե մի բան չի հաջողվել մինչև հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո: Մեր շարժումը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ, և եթե նրանց վնաս լիներ քաղաքական այս գործընթացը, նրանք այդպես չէին վարվի: Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»:

ՀՀԿ-ի պատգամավորների կողմից հնչեցված հարցին, թե ինչ քայլեր նա կձեռնարկի ‘’քաղբանտարկյալների, մասնավորապես ‘’Սասնա ծռերի’’ հարցով, Փաշինյանը պատասխանեց, թե հարկավոր է ունենալ հստակ չափանիշներ:

«Պետք է գծենք շրջանակը եւ հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում: Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում եւ այդ մոտեցման միակ նպատակը հանրային համերաշխության ձեւավորումն է»:

Փաշինյանը նշեց, որ քաղաքական խնդիրներով հետապնդումների մեջ գտնվող անձանց մասով ՀՀ օրենսդրությունը մի քանի ընթացակարգ է նախատեսում եւ այս հարցի լուծումը, նրա խոսքով՝ պետք է միտված լինի հանրային համերաշխության հաստատմանը:

«Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմներ»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի միջեւ անցկացված հանդիպումից հետո ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ‘’Փաշինյանն իրեն չհամոզեց’’:

Սա, սակայն, չի նշանակում, ասաց նա, թե ինքը դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը: Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ն դեռեւս որոշում չի կայացրել։

«Մենք այսօր, գուցե նաև վաղը մինչ քվեարկությունը քննարկումներ կանենք, որոշում կկայացնենք, և վաղը՝ քվեարկությունից առաջ, խմբակցության ղեկավարը կհայտարարի խմբակցության որոշումը»,- ասաց Շարմազանովը։

XS
SM
MD
LG