ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նոր ղեկավարը սկսում է այս պաշտոնում առաջին ուղեւրությունները: Հիշեցնենք, որ Սենատում նրա թեկնածությանը կողմ էին բոլոր հանրապետականները ու բացի վեցից` դեմ մնացած բոլոր դեմոկրատները: Դեմ էր նաեւ մեկ անկախ օրենսդիր:
Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը գովասանքի խոսքեր էր ասում Փոմփեոյի հասցեին, որը մինչեւ պաշտոնը ստանձնելը, որպես ԿՀՎ-ի տնօրեն գաղտնի հանդիպում էր անցկացրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Ընի հետ:
‘’Նա արդեն իսկ ձեռք է բերել գլխավոր հրամանատարի վստահությունը` նրան վճռական հարցերում կարեւոր խորհուրդներ տալով եւ Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ շարունակական ջանք ներդնելով’’, ասել է Մաքքոնելը:
Սակայն դեմոկրատ կոնգրեսականներն ունեն մտահոգություն: Նրանց չի գոհացնում Փոմփեոյի եւ Թրամփի միջեւ սերտ կապը: Օրինակ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ասում է, թե պետքարտուղարը Սպիտակ տանը պիտի լինի ‘’անկախ մի ձայն’’:
‘’Կասկածում եմ, որ նա կարող է դառնալ անկախ ձայն: Նա պիտի կարողանա դիվանգիտությունն ավելի բարձր դասել ռազմական ուժից: Ռազմական ուժը պիտի գործի որպես ամենավերջին միջոցը’’, ասել է Քարդինը:
ՆԱՏՕ-ի հանդիպումից հետո Փոմփեոն Բրյուսելից կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ քննարկվելիք ամենմեծ հարցը լինելու է Իրանի միջուկային ծրագիրը: Քննարկումներն անցկացվելու են Սաուդյան Արաբիայում, Իսրայելում ու Հորդանանում:
Ինչպես մեծաթիվ վերլուծաբաններ են կարծում, Փոմփեոն ավելի կարծր դիրքորոշում է ընդունելու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի նկատմամբ, քան իր նախորդը` Ռեքս Թիլերսոնը, երբ Թուրքիան շարունակում է պատերազմ մղել ընդդեմ ԱՄՆ-ի դաշնակից քրդերի, երբ Անկարան շարունակում է հրթիռային համակարգեր գնել Մոսկվայից: